Մատչելիության հղումներ

Փհենյանի և Սեուլի պատվիրակներն այսօր կբանակցեն


Հարավկորեացի զինծառայողը հերթապահում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում, Փանմունջոն, արխիվ
Հարավկորեացի զինծառայողը հերթապահում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտում, Փանմունջոն, արխիվ

Արդյո՞ք Հյուսիսային Կորեան կմասնակցի Հարավային Կորեայում՝ Փհենչհան ավանում փետրվարին կայանալիք Ձմեռային օլիմպիադային: Այսօր երկու երկրների սահմանին գտնվող ապառազմականացված գոտում հենց այդ հարցն են քննարկելու:

Կոմունիստական Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը տարեսկզբի շնորհավորական ուղերձում նշել է, որ հյուսիսկորեացի մարզիկների հավաքականը կարող է մեկնել Հարավային Կորեա: Ավելին, նա խոսել է Հարավի հետ հարաբերությունները բարելավելու և ապագայում երկու պետությունների վերամիավորումը կայացնելու անհրաժեշտության մասին:

«Ձմեռային խաղերը, որոնք կանցնեն Հարավային Կորեայում, երկրի համար լավ իրադարձություն կդառնան», - ասել է Կիմ Չեն Ունը, ով իր հունվարմեկյան ելույթում նաև շեշտել է, որ Հյուսիսային Կորեան ոչ մի պարագայում չի հրաժարվի միջուկային զենքից:

Հարավային Կորեան ընդհանուր առմամբ զուսպ, բայց դրական է արձագանքել Կիմ Չեն Ունի ելույթին և առաջարկել է բանակցություններն անցկացնել Պանմունջոնում:

«Հյուսիսային Կորեան ընդունել է Պանմունջոնում «Խաղաղության տանը» հանդիպում անցկացնելու մեր առաջարկը», - անցած ուրբաթ օրը հայտնել է Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարար Բակ Տա-հյունը:

Փանմունջոն գյուղը գտնվում է երկու երկրների միջև սահմանված ապառազմականացված գոտում, որը ստեղծվել է 1953 թվականին, երբ արյունալի պատերազմի մեջ ներքաշված Հյուսիսը և Հարավը հուլիսի 27-ին ՄԱԿ-ի աջակցությամբ հրադադար են կնքել: Տնակը, որտեղ ստորագրվել է դարակազմիկ փաստաթուղթը, առայսօր կանգուն է և կոչվում է «Խաղաղության տուն»:

Փանմունջոնը երկու երկրների սահմանին գտնվող միակ կետն է, որտեղ հյուսիսկորեացի և հարավկորեացի զինվորականները կանգնած են միմյանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

Վերջին անգամ կոմունիստական և կապիտալիստական կորեական պետությունների պատվիրակները Փանմունջոնում հանդիպել են 2015 թվականին:

2017 թվականի ընթացքում Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռային և միջուկային փորձարկումներ, ինչի հետևանքով իրավիճակը Կորեական թերակղզում կտրուկ վատթարացել է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի նկատմամբ:

Վերամիավորման հարցերով նախարար Բակ Տա-հյունի փոխանցմամբ, այսօրվա բանակցությունների օրակարգում ոչ միայն Ձմեռային օլիմպիադան է, այլև ընդհանրապես հարաբերությունները խորը ճգնաժամից դուրս բերելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG