Մատչելիության հղումներ

Գաբրիել. «Ցանկանում ենք Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել այդ երկրում ծավալված վերջին իրադարձությունները»


Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Եվրամիությունը մտադիր է պաշտոնական Թեհրանի հետ քննարկել Իրանում վերջին օրերին ծավալված բողոքի գործողությունների թեման: Այս մասին երեկ, ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ մենք պայմանավորվեցինք Իրանի արտգործնախարարին [բանակցությունների] հրավեր ուղարկել: Եթե հնարավոր լինի, դրանք կկայանան արդեն հաջորդ շաբաթ», - նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարը:

Գաբրիելի խոսքով՝ պաշտոնական Բեռլինը Իրանում սկիզբ առած իրադարձություններից մեկնարկից ի վեր հայտարարել է, որ «պաշտպանում է հավաքների ազատությունը, և պետությունը ևս պետք է աջակցություն ցուցաբերի դրանց»:

Դրա հետ մեկտեղ, Զիգմար Գաբրիելը չի աջակցել Սպիտակ տան որդեգրած մոտեցմանը` նշելով, թե պաշտոնական Բեռլինը դեմ է «Իրանում ծագած ներքին հակամարտությունների օգտագործմանը [քաղաքական նպատակներով]»:

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել Իրանում հակակառավարական հանրահավաքներ անցկացնող ցուցարարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG