Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է հակակառավարական ցույցերը «հաղթահարելու» մասին


Ցույց Մահշահր քաղաքում, Իրան, 6-ը հունվարի, 2018թ․

Իրանի իսլամական հեղափոխության պահապաններին կորպուսը հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից երկրում սկիզբ առած հակակառավարական ցույցերը, որոնց կազմակերպման համար պաշտոնական Թեհրանը մեղադրում էր արտաքին ուժերին, «հաղթահարված են»:

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններին կորպուսը նշում է, որ «կոտրել են անհանգստությունների շղթան, որը կազմակերպել էին ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիան», Իսրայելը, Սաուդյան Արաբիան, զինյալներ և միապետներ:

Այս հայտարարությունը տարածվեց այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանն այսօր դռնփակ նիստ գումարեց:

Միացյալ Նահանգները և Իսրայելը իրենց աջակցությունն են հայտնել Իրանի ցուցարարներին, սակայն հերքում են ցույցերը կազմակերպելու մեղադրանքները:

Միևնույն ժամանակ, պետական լրատվամիջոցները այսօր ցուցադրել են կադրեր՝ ի աջակցություն գործող իշխանությունների կազմակերպված ցույցերից, որոնք ընթանում են արդեն հինգ օրը:

Պետական հեռուստաալիքները դադարել են հաղորդել հակակառավարական ցույցերի մասին: Սակայն «Ազատության» ձեռք բերած հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ ցույցերը շարունակվել են առնվազն 9 քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում:

Ավելի քան մեկշաբաթյա անհանգստություններից հետո Իրանում 22 մարդ մահացավ, 1700-ը ձերբակալվեցին:

Տարբեր իրանցի պաշտոնյաներ երեկ հայտարարում էին, որ հարյուրավոր ձերբակալվածներ, այդ թվում՝ բազմաթիվ ուսանողներ ու երիտասարդներ ազատ են արձակվել:

Հիշեցնենք, Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:

Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակեցին երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ քաղաքացիներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խորհրդի անդամ պետությունները հիմնականում իրենց աջակցությունը հայտնեցին Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն ԱԽ անդամներից Ֆրանսիայի, Չինաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները նշեցին, որ ՄԱԿ-ը հարմար հարթակ չէ` Իրանում ստեղծված կացությունը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG