Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ԱՄՆ-ն հայտարարել է վերջին շաբաթներին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցներին իր լիակատար աջակցության մասին:

«Աշխարհը հետևում է Իրանի իշխանությունների գործողություններին»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ ընդգծելով, որ մարդու իրավունքները նույնպես խաղաղության և անվտանգության հարցեր են: «Երբ մարդիկ զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դա նույնպես կայունության սպառնալիք կարող է ստեղծել»,- ասել է ամերիկացի դիվանագետը, հավելելով, որ ԱՄՆ-ն «ուս ուսի կանգնած է» այն մարդկանց կողքին, ովքեր Իրանում պայքարում են ազատության համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները հիմնականում իրենց աջակցությունն են հայտնել Իրանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն ԱԽ անդամներից Ֆրանսիայի, Չինաստանի և Շվեդիայի ներկայացուցիչները նշել են, որ ՄԱԿ-ը հարմար հարթակ չէ` Իրանում ստեղծված կացությունը քննարկելու համար: Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն էլ ԱՄՆ-ին մեղադրել են Անվտանգության խորհուրդը «Իրանի ներքին գործերին առնչվող խնդիրների քննակման մեջ ներքաշելու» մեջ: Նիստի ավարտին որևէ փաստաթուղթ չի ընդունվել:

Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան երկու տասնյակ մարդ է սպանվել, հարյուրավորները ձերբակալվել են: Իշխանությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG