Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կքննարկի Իրանում ստեղծված կացությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից մեկը, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերից մեկը, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ուշ երեկոյան կքննարկի Իրանում ծավալված վերջին զարգացումները:

ՄԱԿ-ում իրանական ճգնաժամի քննարկման նախաձեռնությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգները:

Ամերիկացի դիվանագետները, սակայն, չեն բացառում, որ Ռուսաստանի պատվիրակությունը կարող է նիստի սկզբում այսպես կոչված «ընթացակարգային քվեարկության» անցկացում պահանջել` փաստորեն արգելափակելով Իրանին նվիրված քննարկումը:

«Ռուսաստանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք այլ անդամներ համոզված են, որ Իրանում ծավալված վերջին բողոքի գործողությունների հարցն այս ձևաչափում չպետք է քննարկվի», - նշում են ամերիկյան լրատվամիջոցները:

Բուն Իրանում իրադրությունն այսօր համեմատաբար հանդարտ է: Ուրբաթօրյա նամազից հետո երկրի բոլոր խոշորագույն քաղաքներում փողոց դուրս եկան իշխանության կողմնակիցները:

Հնչող կարգախոսները նույնն էին` «Մահ Ամերիկային», «Մահ սիոնիստական կազմավորմանը», այսինքն՝ Իսրայելին:

Նոր բողոքի գործողությունների և բախումների մասին տեղեկություններ չկան: Իրադրության կայունացման մեկ այլ անուղղակի ապացույցը իրանական «Մեհր» գործակալության հաղորդագրությունն է, որի համաձայն երկրի Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դադարեցրել է Իրանում ամենամեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերից մեկի` Instagram-ի արգելափակումը:

Իսլամական հանրապետության անմիջական հարևանները ևս արձանագրում են` իրադրությունը Իրանում զգալիորեն բարելավվել է: Այդ մասին այսօր Ֆրանսիա մեկնելուց առաջ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ռոհանիի հետ և նա ինձ ասաց, որ մինչև հանգստյան օրերի մեկնարկը իրադրությունը երկրում կհանդարտվի: Իրականում, իրադրության կայունացումն արդեն իսկ մեկնարկել է», - նշում էր Էրդողանը:

Եվրոպացիները ևս չեմ շտապում աջակցություն հայտնել իրանցի ցուցարարներին: Երեկ երեկոյան Փարիզում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ էր անում շարունակել երկխոսությունը Թեհրանի հետ:

«Ես միանշանակորեն վստահ եմ, որ մենք Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է շատ տարբերակված հիմքերի վրա կառուցենք: Մենք խոսում ենք ոչ միայն միջուկային կամ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրերի, ռազմավարական ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցության մասին: Մենք պետք է զարգացնենք նաև մշակութային, ակադեմիական, տնտեսական երկխոսությունն Իրանի հասարակության հետ: Ըստ իս, հնարավորությունները, որ մենք առաջարկում ենք Իրանի քաղաքացիական և տնտեսական հանրություններին, շատ կարևոր են», - նշում էր Մակրոնը:

Այս պահին կարելի է արձանագրել, որ Իրանում ծավալված բողոքի գործողությունները երկրի սահմաններից դուրս անվերապահորեն պաշտպանեցին միան Թրամփի վարչակազմն ու իրանական սփյուռքի մի զգալի հատվածը:

Հայրենակիցներին բողոքի ցույցերը շարունակելու կոչով Լոնդոնից դիմեց 2003 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին: «Խաղաղ ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաները պետք է շարունակվեն` ստիպելով Իրանի կառավարությանը ականջալուր լինել ժողովրդի պահանջներին: Օրինակի՝ մարդիկ պետք է դադարեն վճարել սպառած ջրի, գազի և էլեկտրաէներգիայի դիմաց: Նրանք չպետք է հարկեր վճարեն, ինչպես նաև փակեն բանկերում գտնվող իրենց հաշվեհամարները», - հայտարարում էր իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG