Իրանում, ըստ պաշտոնական լրատվամիջոցների, այսօր կրկին ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն իշխանությունների:
Պաշտոնյաները պնդում են, թե անցած տարեվերջից երկրում բռնկված բողոքի ալիքը մարել է:
«Ազատություն» ռադիոկայանի վստահելի աղբյուրների հաղորդմամբ, սակայն, Թեհրանում և այլ քաղաքներում ընդդիմության ցույցերը շարունակվում են:
Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով արտահերթ նիստ կանցկացնի՝ Վաշինգտոնի առաջարկով:
Մոսկվան քննադատում է Նահանգների այդ նախաձեռնությունը, պնդելով՝ այն, ինչ կատարվում է այդ երկրում, Թեհրանի ներքին գործն է, և որ դրան միջամտելու փորձերը «վնասարար են ու ապակառուցողական»:
Հիշեցնենք, Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաև կրոնական իշխանության դեմ կարգախոսներ:
Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանությունները արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram և Telegram կայքերը: Երկրի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քաղաքացիներն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, բայց իշխանությունները հանդուրժող չեն լինի բռնությունների ու հանրային ունեցվածքը փչացնող գործողությունների հանդեպ:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ երկրում անկարգությունների հետևանքով արդեն 22 մարդ է զոհվել: