2017-ի տարեվերջին նախագահ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում հայտարարեց՝ երկրի ապագան կախված է ամուր տեղական ինքնակառավարումից և անկախ դատական համակարգից։
Ընդդիմությունը համարում է, որ 2017-ին Վանաձորում իշխանությունները տեղական ինքնակառավարման միջոցով ժողովրդավարության հասնելու լիարժեք հնարավորություն ունեին։ 2016-ի վերջում առաջին անգամ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանիում մեծամասնություն ունեցող և իրենց ընդդիմադիր հռչակած երեք կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը կոալիցիա էին կազմել քաղաքական միասնական թեկնածու ունենալու պայմանավորվածությամբ, սակայն նրանց նախաձեռնությունը տապալվեց, և քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը։
2017 թվականը Վանաձորի ավագանու համար բոյկոտի տարի դարձավ՝ ավագանու ընդդիմադիր 18 անդամները չէին ներկայանում նիստերին։ Այդուհանդերձ, «Հայկական վերածնունդ» խմբակցության 5 անդամները ի վերջո նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին հանրապետականների հետ և ստանալով քաղաքապետի տեղակալի պաշտոնը՝ դադարեցրին բոյկոտը։ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց, որ իրենց այլ բան չի մնում, քան գնալ ավագանու նիստերին։