Մատչելիության հղումներ

Վանաձորում ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին


Վանաձորի ավագանու նիստում քաղաքապետի ընտրությունները, 10-ը հոկտեմբերի, 2016թ.

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն այսօր համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկ տարի առաջ Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միացել էր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների բոյկոտին, ավագանու 5 անդամները ևս չէին ներկայանում նիստերին, ինչի պատճառով նիստերը կայանում էին առանց քվորումի։

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի կողմից մեծամասնության բացակայությամբ կայացված նիստերը ոչ իրավազոր համարվելուց հետո, Հանրապետական խմբակցությունը բանակցությունների է գնացել ավագանու նիստերը բոյկոտող կուսակցությունների հետ։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով։ Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։

Նշենք, որ ՍԴ որոշումից հետո ՀՎԿ խմբակցության ղեկավարը, ինչպես նաև խմբակցության մյուս անդամներն անհասանելի էին և զանգերին չէին արձագանքում։

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, օրակարգում միայն մեկ հարց է՝ «Հայկական վերածնունդ»-ի Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար, ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG