Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան․ «Մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել»


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան, արխիվ
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան, արխիվ

«Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը», - հայտարարում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում:

«Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը», - ընդգծում է ԶՈւ ԳՇ պետը:

2017-ին, ըստ Մովսես Հակոբյանի, բանակի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: «Շարունակվել են աշխատանքները սահմանների և հակառակորդի հետ շփման գծի ամրացման ուղղությամբ: Նորոգվել ու հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր, կրակային դիրքեր և այլն: Անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ: Լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը», - ասված է ուղերձում:

«Առաջընթացն ակնհայտ է: Սակայն ժամանակը առաջ է գնում, և մեզ նոր խնդիրներ են առաջադրվում: Մեր բանակի մարտական պատրաստվածության մակարդակը, այո՛, բարձր է, բայց վաղը այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ձեռք բերածով», - շեշտում է գեներալ-լեյտենանտը:

«2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր: Նոր տարին՝ որպես այդ ծրագրի իրագործման ելակետային տարի, անշուշտ, վճռորոշ նշանակություն է ունենալու», - ասված է ուղերձում:

«Արցախյան պատերազմից հետո հայ զինվորը շարունակելով, այսպես ասած, «միկրոպատերազմ» մղել հակառակորդի դեմ և հաղթանակներ տանել, ավելի մեծ վստահություն է ձեռք բերել իր ուժերի նկատմամբ: Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին այսօր ավելի մեծ վստահություն ունի հայ զինվորի նկատմամբ: Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքին, տարեցտարի ավելի սերտանում է բանակ-հասարակություն փոխադարձ կապը», - նշում է ԶՈւ ԳՇ պետը:

«Զինված ուժերի հրամանատարության անունից մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը», - հայտարարում է Մովսես Հակոբյանը:

«Որպես ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական, հարատև խաղաղություն», - պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG