Մատչելիության հղումներ

Գյումրիում կրակոցներով սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան


Ատրճանակ, արխիվ
Ատրճանակ, արխիվ

Մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը, այսօր հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:

«Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի մոտ՝ մարդաշատ վայրում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ բազմաթիվ կրակոցներ էին արձակվել Գյումրու բնակիչ Գեորգի Հակոբյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս», - հիշեցնում է դատախազությունը:

Դեպքի առթիվ հունիսի 26-ին հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ, հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ «Գեորգի Հակոբյանի հետ վիճաբանության ժամանակ սպանության փորձը առերևույթ կատարել են Գյումրի քաղաքի բնակիչ Արտյոմ Ղազարյանը և ինքնությունը դեռևս չպարզված անձը՝ նախապես ձեռք բերված հրազեններով»: «Դրանից անմիջապես հետո նրանք դեպքի վայրից հեռանալու նպատակով նստել են Կարեն Սարգսյանի կողմից վարվող ավտոմեքենան: Վերջինս կատարված առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու դիտավորությամբ, Արտյոմ Ղազարյանին և նշված անհայտ անձին, ինչպես նաև հանցագործության գործիքները հեռացրել է դեպքի վայրից՝ այդ կերպ էական օգնություն ցուցաբերելով վերջիններիս», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Արտյոմ Ղազարյանին և Կարեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Վերջինս հուլիսի 1-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի («հանցակցություն սպանության փորձին») 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արտյոմ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, օգոստոսի 18-ին նա հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել նախաքննության մարմնին: Արտյոմ Ղազարյանի նկատմամբ վերջնական մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով («սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից») և 235-րդ հոդվածի («ապօրինի զենք և զինամթերք») 1-ին մասով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Անհայտ անձի մասով քրեական գործից անջատվել է մաս և առանձին վարույթով կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, երեկ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG