Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրին տրամադրել կարգավիճակ»


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

«Կարծում եմ՝ Ադրբեջանում շատ ավելի լավ գիտեն, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են, անհիմն են և անհեթեթ են», - այսպես մեկնաբանեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությունը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել առավել ընդարձակ ինքնավարություն:

«Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տալ ինքնավարության բարձր կարգավիճակ: Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ», - հինգշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցում շեշտեց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ հանրապետություն է, և Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը նույն օրենսդրական, իրավական հիմքերով առանձնացել են 91 թվականին Խորհրդային Միությունից»:

Հանրապետականի խոսնակը կարծում է՝ «դա հայտարարություն էր ներքին ինչ-որ սպառման համար, բայց ուշացած, հիմնազուրկ, անհեթեթ և ոչինչ չտվող հայտարարություն է»:

«Կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, կա երեք սկզբունքներ, որտեղ հստակ ամրագրված է ինքնորոշման իրավունքի իրացումը, ի վերջո, կա նաև և ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, որտեղ էլի ընդունվում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման գաղափարը, և նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո արված հայտարարությունը, որտեղ նաև Եվրամիությունը ևս մեկ անգամ նշում է երեք սկզբունքների կիրառման՝ միասնական կիրառման, և այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ: Եվ էդ իմաստով Ադրբեջանի նախագահի խորհրդականի թե օգնականի էդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան անիմաստ հայտարարություններ, որոնք իրականության հետ որևիցե կապ չունեն, որևէ կապ չունեն», - ասաց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը՝ ևս մեկ անգամ ընդգծելով․ - «Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրին տրամադրել կարգավիճակ: Բանակցությունները գնում են, և հաստատ Հայաստանը չի բանակցում դրա շուրջ»:

Հայաստանը, ըստ Շարմազանովի, բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, «ինչի մասին խոսել է հանրապետության նախագահը Ժնևում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ»․ - «Ի՞նչ է ասել պարոն նախագահը՝ պարոն նախագահը շատ ուղիղ նշել է, ասել է՝ Արցախը ոչ մի ձև, ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս, վե՛րջ: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են»:

«Այ էս երկու հարցերում ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը որևէ փոխզիջման, զիջման գնալու խնդիր չկա: Եվ եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը մի բան կարող ենք ասել՝ բարև ձեզ», - հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG