Մատչելիության հղումներ

Սիրիահայ վարպետն «ամեն ինչ սարքում է», բայց չի կարողանում Հայաստանում ապրուստ հոգալ


Երևանում մետաղի ձուլման արտադրամաս հիմնած սիրիահայ Ներսես Քիլիկեանը նախկինում Հայաստան էր ժամանում միայն որպես զբոսաշրջիկ: 6 տարի առաջ՝ սիրիական պատերազմի հետևանքով, նա ընտանիքով ընդմիշտ բնակություն հաստատեց Երևանում, իսկ երկու եղբայրները՝ արտերկրում:

«Հայաստան ինձ համար Եվրոպայից էլ լավ է, Ամերիկայից էլ լավ է, Կանադայից էլ լավ է, ամեն տեղից էլ: Եթե ինձ գոհացնի էստեղ, երբեք չեմ մտածի գնալու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասում էր նա:

Հոր արհեստը շարունակելով՝ շուրջ 40 տարի Սիրիայում ավտոպահեստամասերի արտադրամասում է աշխատել: Հայաստան տեղափոխվելուց հետո, հիմնելով այս արտադրամասը, տեղի շուկայում ևս հայտնի է դարձել:

Ասում է՝ տեղացի վարպետներից ոմանք հաճախորդներին հաճախ ուղարկում են իր մոտ հավաստիացնելով՝ Ներսեսը գործից անպայման գլուխ կհանի:

«Իմ մոտ եկած գործերուն որևէ մեկին մինչև հիմա չի լինի չեմ ասի՝ ամեն ինչ էլ սարքում եմ», - պատմում է նա:

Մետաղաձուլվածքների վարպետն ասում է՝ թեև կարող է յուրաքանչյուր աշխատանք կատարել, սակայն պահանջարկ չկա․ - «Աշխատանքը մեզ չի վայելեցնում, աշխատում ենք՝ ուզում ենք տան, խանութի վարձը տանք: Բանկը մեզ զանգում է: Ես որ եկել եմ՝ իմ վրաս մի բան չեմ առել, մինչև հիմա Հալեպից բերած շորերս եմ հագնում: Ուզում ենք տան վարձը հասցնենք, խանութի վարձը, աշխատում ենք դրանք տանք»:

Ասում է՝ Հայաստանում չի կարողանում գործատուների հետ համաձայնության գալ: Պատմում է՝ 3 տարի առաջ գյուղատնտեսության նախարարությունից պատվեր է ստացել՝ կովերի ականջների համար նախատեսված պլաստմասե կաղապարներ պատրաստել: Նախարարությունում նմուշները հավանության էին արժանացել, սակայն 3․5 տարի սպասելուց հետո՝ աշխատանքներն այդպես էլ չգնեցին: Այս դեպքը միակը չի եղել:

«Մի անգամ խոսեցի նախարարի հետ, ասեցի՝ ի՞նչ եղավ՝ պիտի աշխատեցվի՞, թե՞ չէ: Ասեց՝ Ներսես ջան, ֆինանսի պրոբլեմ ունենք, չեն կարող, մենք քեզ լուր կանենք: Արդեն հիմա ֆորման փոշիների տակ է մնացել, չաշխատեց: Այս է դժվարությունը: Լապատկայի ֆորմա սարքեցի, հանեցի, և ինձ ասեցին, որ սարքեմ, կվերցնեն: Այն ալ իմ վրա մնաց», - պատմում է նա:

Ներսես Քիլիկեանը նկատում է՝ մեծ պատվերներն իրենց չեն հասնում․ - «Մեծ գլուխները աշխատում են, մեզ չեն թողնում հասնի: Իրենք էլ բերեն մեզ տան, մենք չնչին շահով կսարքենք իրենց կտանք»:

Սիրիահայը որոշել է՝ Հայաստանում ապրելու և ընտանիքի հոգսը թեթևացնելու համար կվաճառի Սիրիայում ունեցած բնակարանը: «Հալեպ եմ իջնում տունս վաճառեմ: Որովհետև ուրիշ փախուստ չմնաց, որովհետև, եթե ֆինանս չունենաս, էստեղ ուրիշ ձև չես կարող ապրել: Ես մտածեցի, որ Հալեպի նման՝ ինչ-որ գործ կգա, կաշխատեմ, բայց այդպես չեղավ», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG