Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան


Գագիկ Ծառուկյանը Գյումրիում զրուցում է լրագրողների հետ, 28-ը դեկտեմբերի, 2017թ․

Գագիկ Ծառուկյանը այսօր Գյումրիում բացասական պատասխան տվեց «Ազատության» հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել:

«Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարեց դաշինքի առաջնորդը:

Փոփոխված Սահմանադրությամբ՝ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։

Հիշեցնենք, 9-հոգանոց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին և գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: Նախագահի թեկնածու առաջադրելու համար նույնպես շեմ է սահմանված՝ նրան պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք սատարել «Ելք»-ի թեկնածուին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն արձագանքեց․ - «Դեռ ինձ այդ թուղթը չի հասել: Անցնենք առաջ, ուրիշ»:

Գագիկ Ծառուկյանին այսօր առավոտից Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու մոտ հարյուրավոր գյումրեցիներ էին սպասում: Ամեն մեկն ուզում էր անձամբ տեսնել Ծառուկյանին ու իր խնդրանքն ու նամակը հանձնել:

Ծառուկյանը հայտարարեց՝ Գյումրիին 100 միլիոն դրամ է հատկացնում, որպեսզի սոցիալապես անապահովներն էլ կարողանան Ամանորը նշել: «Ցանկացած պետության հարստություն սովորական ժողովուրդն է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ էդ մարդիկ այսօր մեր հարստությունն են, մեր ուժն են, որ նրանք էլ պետք է կարողանան հույսով հավատով ապրել, իրենց բալիկի առաջ պարզ ճակատով լինեն, գոնե էդ ուրախ տոնը կարողանան լիարժեք ընտանիքով նշել, որ, այո, միս էլ լինի, կարագ էլ լինի, գոնե այդ Նոր տարվա օրը, բայց՝ հույսով հավատով, որ դա լավ է լինելու», - ասաց նա՝ շարունակելով․ - «Ես դրա համար այսօր 100 միլիոն տրամադրել եմ իմ գործընկերներին, որից 50 միլիոնը՝ դոմիկներում բնակվողներին, և 50 միլիոնն էլ տրամադրում եմ Գյումրի քաղաքում ծանր ապահովված ընտանիքներին: Կապ չունի դա քաղաքական պատկանելության [հետ], մեր համար կարևորը մարդն է, հարստությունը մարդն է, մենք պետք է կարողանանք գնահատել մեր ժողովրդին»:

Գումարը շահառուներին կբաժանեն «Ծառուկյան» դաշինքի 2 գյումրեցի պատգամավորների՝ Վարդան Ղուկասյանի և Վարդևան Գրիգորյանի գրասենյակները: «Ազատության» հարցին՝ինչո՞ւ է նվազելու փոխարեն ամեն տարի աճում Ծառուկյանից օժանդակություն ակնկալող գյումրեցիների թիվը, մեծահարուստ պատգամավորն արձագանքեց․ ֊ «Քանի գնալով պետք է քանակը ավելանա, որ եթե տնտեսական աճ չկա, ժողովրդի վիճակը բարելավում չկա, այսօր ժողովրդի բարելավումը պետք է մարդը զգա իր ընտանիքում, իր առօրյայում, իր սառնարանի դուռը բացելուց, իր երեխաների ապրելակերպից: Հիմնական խնդիրը սա է, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ոչ թե թշնամաբար՝ Ծառուկյանն ասաց․․․ վայ՝ Ծառուկյանը ստորակետը բաց թողեց: Իմ գործընկերներին ասում եմ՝ հարգելի՛ գործընկերներ, քաղաքական պատկանելություն կապ չունի: Որ կուսակցությունից ուզում է լինի՝ ծանր ապահովված է՝ օգնեք: Մեր բոլորի մոտեցումը սա պետք է լինի»:

Ծառուկյանն այսօր կրկին շեշտեց՝ եթե խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած դաշինքին 50 + 1 տոկոս ձայն տային, ապա շատ բան կփոխվեր: Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ նա՝ «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրում էր խոստացել: ֊ «Ուրեմն՝ համապատասխան՝ ինչ ցանել եք՝ այն էլ պետք է հնձեք: Ծառուկյանը ասաց՝ տվեք 50 + 1, պատասխանատու եմ բոլոր իմ ասածների համար՝ և՛ 15 կետերի համար, և՛ 15 միլիարդի համար: Երբ 15 միլիարդի համար ասացին՝ Ծառուկյանը բլեֆ է անում, գումար ներդրողներն ասացին՝ մենք պատրաստ ենք: Համապատասխան՝ դուք գնացիք ձեր ձայնը տվիք ձեր քուչի տղուն, ձեր թաղապետին, ձեր քաղաքապետին, ձեր հեղինակությանը: Հո չե՞մ ասում ընտրությունը կեղծ է եղել, ընտրությունը եղել է նորմալ՝ այսօր արդեն հինգ տարի ձեր արածը պետք է գնաք և ստանաք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG