Մատչելիության հղումներ

Լոռու դատախազությունում քրգործ է հարուցվել «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով


Մղարթ և Արդվի գյուղերի բնակիչների դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիան
Մղարթ և Արդվի գյուղերի բնակիչների դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիան

Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ, այսօր հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը: Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզի Թումանյանի բաժին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Լոռու մարզի Մղարթ բնակավայրի նախկին գյուղապետարանի շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նույն բնակավայրի բնակիչ Հ. Դ.-ն հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի տեսախցիկին՝ այդ կերպ խոչընդոտելով նրա կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը, փոխանցում է դատախազությունը:

Նշենք, որ ՔՕ 164-րդ հոդված 1-ին մասով «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու» համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG