Մատչելիության հղումներ

Երևանի 2018-ի բյուջեն լճացման և առաջընթաց չապահովող փաստաթուղթ է․ «Ելք»-ի ներկայացուցիչ


Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով` մայրաքաղաքի 2018 թվականի բյուջեն լճացման և որևէ առաջընթաց չապահովող փաստաթուղթ է: «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը համոզմունք հայտնեց՝ բյուջեն կոչված է սպասարկել իշխող Հանրապետականի ներկայացուցիչների շահերը:

«Էս բյուջեն հստակ լճացման բյուջե է, որը որևէ առաջընթաց չի կանխատեսում քաղաքային տնտեսության համար: Եվ հստակ կարելի է ասել, որ էս պահին մեր բյուջեն զուտ քաղաքային տնտեսությունը ներկայիս վիճակում պահելու համար է», - հայտարարեց Հարությունյանը:

Դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին ընդունեց քաղաքի գալիք տարվա բյուջեն․ եկամուտները կազմելու են 80 միլիարդ 189 միլիոն դրամ, ծախսերը՝ 80 միլիարդ 237 միլիոն, դեֆիցիտը՝ մոտ 48 միլիոն դրամ:

Ընդդիմադիրների խոսքով, եթե մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող վերելակների նորոգման համար գալիք տարի նախատեսվում է հատկացնել ընդամենը 109 միլիոն դրամ, ապա մոտ 45 միլիոն դրամ է ծախսվելու դրոշների ձեռքբերման համար:

«Դու կարող ես ծախսել տասնյակ միլիոններ, բայց պետք է հաշվի առնես՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ: Դու կարող ես կես միլիոն դրամ տալ մեկ բաժակ գնելու համար և հյուրին նվիրաբերելու դա, բայց դրա դիմաց զգալի եկամուտներ կամ ոչ նյութական օգուտներ ստանալ քաղաքի համար: Դրոշներն են, փոխայցելություններն են, արտասահմանյան այցելություններն են․․․», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․ - «Կա, օրինակ, լրատվական ծառայությանը տրվող և լուսաբանմանը տրվող հսկայական գումարներ՝ մոտ 56 միլիոն դրամ, և ես նիստի ժամանակ դրա մասին խոսեցի, որ էդ գումարը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ գնում է Հանրապետական խմբակցության և հանրապետական քաղաքապետի լուսաբանման վրա, մինչդեռ Երևանի ավագանիում կան նաև այլ խմբակցություններ, որոնք շատ ակտիվ գործունեություն են վարում՝ խոսքս էս պարագայում «Ելք» դաշինքի խմբակցության մասին է, որը չի լուսաբանվում»:

Ավագանու այդ օրվա նիստում բյուջեի նախագիծը ներկայացրած փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հավաստիացրեց, որ ընդդիմախոսների ներկայացրած թվերն անհիմն են, և քաղաքի զարգացման ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ 2018-ին մեկնարկելու է կենտրոնում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքը, քաղաքն ունենալու է նոր աղբավայր:

«Հաջորդ տարի գործնական լուծում կստանա Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը, ինչպես նաև կմշակվի վերելակային տնտեսության ամբողջական արդիականացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան սպասարկման ծրագիր», - հայտարարեց Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG