Մատչելիության հղումներ

2018-ի քաղաքային բյուջեն հստակ լճացման բյուջե է. ավագանու «Ելք» խմբակցության անդամ


2018-ի քաղաքային բյուջեն հստակ լճացման բյուջե է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այն որևէ առաջընթաց չի կանխատեսում քաղաքային տնտեսության համար։

«Անցած տարվա հետ համեմատած մենք ունենք մոտ հինգ միլիարդ դրամից պակաս բյուջե, դա իհարկե կապված է որոշ գրանտային, վարկային ծրագրերի հետ, որոնք ավարտվել են և պատվիրակված են եղել Երևան քաղաքին, բայց եկամուտների առումով որևէ առաջընթաց չկա, շատ չնչին տարբերություններ կան, և հստակ կարելի է ասել, որ այս պահին մեր բյուջեն զուտ քաղաքային տնտեսությունը ներկայիս վիճակում պահելու համար է», - ասաց Հարությունյանը՝ նշելով, որ փողոցաշինության, հանգույցների շինարարության որոշ ծրագրեր են իրականացվելու, բայց դրանք էական չեն և առհասարակ վարկային և գրանտային ծրագրեր են։

«Այսինքն քաղաքային տնտեսությունը դոփում է տեղում», - ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Նշենք, որ Երևանի ավագանին երեկ ընդունեց քաղաքի 2018 թվականի բյուջեն։ Եկամուտների գծով կանխատեսվում է 80 մլրդ 189 մլն 969 հազար դրամ, ծախսերի գծով՝ 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամ: Բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 48 միլիոն դրամ:

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները դեմ քվեարկեցին ինչպես բյուջեին, այնպես էլ Երևանի զարգացման ծրագրին՝ նշելով բազմաթիվ թերությունների մասին և պնդելով, որ ծախսերը ողջամիտ չեն բաշխվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG