Ֆեյսբուք սոցիալական ցանցը երեկ պաշտոնապես հաստատեց՝ ընկերությունը արգելափակել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի անձնական էջը, քանի որ վերջինս հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար: «Մենք հաստատում ենք, որ այդ օգտահաշիվը պատկանում էր մի մարդու, որի անունն ընդգրկված է Նահանգների կազմած պատժամիջոցների ցանկում: Ֆեյսբուքը իրավական առումով պարտավորված է ապաակտիվացնել այդ անձի օգտահաշիվը», - «Վեդոմոստի»-ին հայտնել են ընկերության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցների այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակում» ներառել էր Ռուսաստանի ևս հինգ քաղաքացիների, այդ թվում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ մարդու իրավունքները շարունակաբար ոտնահարելու համար:
Բռնապետական կառավարմամբ ու աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկնող չեչեն առաջնորդը այս լուրը ցավագին էր ընդունել: Վերջին տարիներին նա մեկ օր անգամ չէր բացակայում սոցիալական այդ կայքերից, օրվա ընթացքում էլ մի քանի լուսանկար էր հրապարակում. մի տեղ կոկորդիլոսի հետ էր ուժերը չափում, մյուսում՝ առյուծի ձեռքը սեղմում, երրորդում՝ ժպտում Գրոզնի այցելած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ: Անցած տարի նույնիսկ, երբ առաջնորդի կատուն էր անհետացել, նա իրավապահների փոխարեն Ինստագրամի օգնությանն էր դիմել՝ այստեղ հրապարակելով իր և սիրելի կենդանու լուսանկարը: Հիմա այս ամենից միայն հուշեր են մնացել. էջերն արգելափակված են, լուսանկարներն՝ անհասանելի:
Օրեր շարունակ Կադիրովը պնդում էր, թե չգիտի՝ որն է պատճառը, բայց վստահ է՝ պատվերը տրվել է ամերիկյան իշխանությունների կողմից: «Սոցիալական ցանցերում նրանք կարող են արգելափակել այս կամ այն էջը, սակայն Ռամզան Կադիրով անունը երբեք չեն ջնջի ոչ նրանք, ոչ էլ նրանց տերերը», - գրել էր նա Տելեգրամի իր էջում: Ինստագրամում ավելի քան 3 միլիոն, Ֆեյսբուքում՝ 750 հազար հետևորդ ունեցող չեչեն առաջնորդը նաև պնդել էր՝ ի՛նքն էր ուզում այդ ցանցերին հրաժեշտ տալ, այն էլ՝ վաղուց, սակայն անհարմար էր զգում երկրպագուների ու ընթերցողների առաջ:
Ի դեպ, երբ պարզվեց, որ Կադիրովի էջերն արգելափակվել են, Չեչնիայի խորհրդարանի խոսնակը, պատգամավորներն ու կառավարության անդամները միասնական ու համերաշխ որոշեցին փակել այդ կայքերում իրենց օգտահաշիվները, Կադիրովն էլ հայտարարեց, թե ամերիկյան այդ ցանցերի փոխարեն փորձարկում են իրենց սեփականը՝ Չեչնիայում ստեղծված Mylistory-ն: Ինստագրամի օրինակով մշակված և Գրոզնիում գրանցված սոցիալական այդ կայքի ամենատարածված բառերն են Չեչնիան, Կադիրովը, Ալլահն ու Պուտինը: