Մատչելիության հղումներ

Էրդողանը բացառում է համագործակցությունը Ասադի հետ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թունիսում, 27-ը դեկտեմբերի, 2017թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թունիսում, 27-ը դեկտեմբերի, 2017թ․

Սիրիական խնդրի կարգավորման գործում պաշտոնական Անկարան բացառում է համագործակցությունը այդ երկրի գործող նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց երեկ` Թունիս պաշտոնական այցի ընթացքում:

«Թույլ տվեք ինձ շատ հստակորեն արտահայտել իմ տեսակետը: Միանշանակ է, որ Ասադն ահաբեկիչ է: Նրա քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես պետական ահաբեկչություն: Միանգամայն սխալ է պնդել, թե Ասադը կարող է [խաղաղության հաստատմանն ուղղված] քայլեր ձեռնարկել: Դա, ի վերջո, ազնիվ չի լինի նրա զոհերի նկատմամբ», - հայտարարում էր Թուրքիայի նախագահն իր թունիսցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ուշագրավ է, որ սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված գործընթացում Թուրքիան համագործակցում է Ասադի երկու հիմնական դաշնակիցների` Իրանի և Ռուսաստանի հետ: Ավելին, Էրդողանի քննադատության թիրախ հանդիսացող Ասադը վերջին մեկ ամսում բավական ակտիվ դիվանագիտական շփումների մեջ էր Ռուսաստանի ղեկավարության հետ: Նոյեմբերի 20-ին Ասադը նախապես չհայտարարված այցով ժամանեց Սոչի` հանդիպելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Դեկտեմբերի 11-ին արդեն Ռուսաստանի նախագահը ժամանեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հմեյմիմ ռազմակայան: Այս երկու հանդիպումների ընթացքում էլ Պուտինը նշում էր, որ Բաշար Ասադի քաղաքական ճակատագիրը կարող են որոշել բացառապես Սիրիայի քաղաքացիները:

Թուրքիայի նախագահը, սակայն, համոզված է, որ այն հալածանքները, որոնց ենթարկել է իր համաքաղաքացիներին Ասադը 2011 թվականից ի վեր, բացառում են երկրի քաղաքական կյանքում նրա հետագա դերակատարության բոլոր հնարավորությունները:

«Ասադի հետ [շփումների] շարունակությունն անհնարին է: Մենք ինչպե՞ս կարող ենք ապագայի պլաններ գծել Սիրիան ղեկավարող մի մարդու հետ, որն իր իսկ երկրի շուրջ մեկ միլիոն քաղաքացիների է սպանել», - հայտարարում էր Էրդողանը:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը արդեն իսկ արձագանքել է Էրդողանի հայտարություններին` նշելով, թե «պաշտոնական Դամասկոսը թույլ չի տա, որ Թուրքիան միջամտի Սիրիայի ներքին գործերին»:

«Էրդողանը հուսահատ քայլերի է դիմում` փորձելով արդարացնել այն անսահմանափակ աջակցությունը, որ Անկարան ցուցաբերում էր Սիրիայի ժողովրդի հանդեպ հանցագործություններ գործող զինված ավազակախմբերին», - նշված է սիրիական արտգործնախարարության` չորեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG