Մատչելիության հղումներ

Պուտինն անակնկալ այցով ժամանել է Սիրիա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր չհայտարարված այցով ժամանել է Սիրիա:

Խմեյմիմ ռազմակայանում, որտեղ 2015 թվականից տեղակայված է ռուսաստանյան զորախումբը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է հանում զորամիավորումների հիմնական մասը:

«Հրամայում եմ Պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ սկսել ռուսաստանյան զորախմբավորման դուրս բերումը և տեղափոխումը տեղակայման մշտական վայրերը», - զինծառայողներ առջև իր ելույթում ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինի այցի մասին լրատվամիջոցները հաղորդեցին, երբ նա արդեն մեկնել էր Սիրիայից: Ռուսաստանյան ավիաբազայում նրան դիմավորել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանցի զինծառայողների մի մասը, այդուհանդերձ մնալու է Սիրիայում, պաշտոնապես՝ հումանիտար օգնություն ցույց տալու համար: Նրանց թիվը, գոնե այս պահին, հայտնի չէ:

«Վեսոմոստի» պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ այսօր Սիրիայում շուրջ 5 հազար ռուսաստանցի զինծառայող կա:

Ըստ Պուտինի՝ ռուսաստանյան զորամիավորումներն ու սիրիական բանակը ոչնչացրել են ահաբեկիչների «հիմնական, առավել մարտունակ» մասը: Իսկ եթե ահաբեկիչները կրկին ակտիվանան, Ռուսաստանի նախագահը խոստացել է նրանց աննախադեպ հարվածներ հասցնել:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ամբողջությամբ ոչնչացվել է:

Սիրիայից Ռուսաստանի նախագահը մեկնել է Եգիպտոս: Կահիներում նա հանդիպում է ունեցել նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ: Այստեղից Պուտինը կարժատև աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ հերթական հանդիպումը կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թե՛ Եգիպտոսում և թե՛ Թուրքիայում բանակցությունների առանցքային հարցերից է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումից հետո ստեղծված իրավիճակն է: Երեք պետությունները՝ Եգիպտոսը, Թուրքիան և Ռուսաստանը միակարծիք են և մեղմ ասած՝ չեն ողջունում ԱՄՆ նախագահի որոշումը:

Կահիրեում Պուտինը հայտարարել է, մասնավորապես, թե Թրամփի որոշումը «խնդիրներ է առաջացնելու», և որ Մոսկվան այս հարցում պաշտպանում է նախկինում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները և սրայելա-պաղեստինյան երկխոսության կողմնակից է:

Կահիրեում և Անկարայում Վլադիմիր Պուտինը քննարկելու է նաև այդ երկրների հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG