Մատչելիության հղումներ

Կալավանցի Ռոբերտը իր գյուղի մասին Ալյասկայի համաժողովում պատմելու համար ստիպված էր կովերը վաճառել


Գեղարքունիքի Կալավան գյուղի մասին նույնիսկ հեռավոր Ալյասկայում գիտեն։ Ռոբերտը Ալյասկա հասնելու ու էքստրիմ տուրիզմին նվիրված համաժողովի ժամանակ իր գյուղի մասին պատմելու համար ստիպված էր կովերը վաճառել։ Մի արքայադուստր, Պակիստանի նախագահի խորհրդականն ու կալավանցի Ռոբերտն էին համաժողովի հիմնական զեկուցողները՝ ասում է մեր զրուցակիցն ու ժպտում։

«Մենք, միևնույնն է, ապացուցեցինք, որ էլի ինքնուրույն ուժերով ենք անում դա, առանց արտաքին աջակցության հասնում ենք բարձր կետերի», ֊ նշում է նա։ ֊ «Բայց մեզ համար շատ կարևոր էր ոչ թե, որ մեծ հարթակներում ներկայացնում էինք մեր գյուղի փիառի մասով, այլ գոնե ինձ համար սա շատ կարևոր էր, որ ներքին ոգևորություն լիներ։ Սա ավելի շատ մենք արել ենք մեր տարածքի համար, մեր գյուղերի համար, որ տեսնեն, որ հնարավոր է»։

Կալավանում ճանապարհները քանդված են, ու բոլոր մեքենաները չէ, որ գյուղ կարող են հասնել. այստեղ անգամ խանութ չկա. Ռոբերտը, սակայն, համոզված է՝ նույնիսկ այս պայմաններում կարելի է տուրիզմ զարգացնել. ֊ «Ըստ էության, գյուղում գրեթե մարդ չէր մնում, կամաց֊կամաց դատարկվում էր։ Ում հարցնում էիր՝ ասում էին՝ անհնար ա, չի լինի, բարդ ա, դժվար ա։ Գալիս ա մի պահ՝ մտածում ես՝ լավ, մի՞թե էդքան դժվար ա։ Ու, ոնցոր, որոշեցի սկզբում ինքնուրույն սկսել, հետո ընկերներս, իհարկե, միացան։ Ու հիմա արդեն ամբողջ գյուղն ա միացել։ Եթե մենք միշտ լացենք՝ սա չկա, էն չկա, արդյունքում ոչինչի էլ չենք հասնի»։

Ռոյը Կալավան է գալիս արդեն չորրորդ անգամ։ Նա Իսրայելից զբոսաշրջիկներ է բերում։ Երբ իմացավ, որ մենք այստեղ առաջին անգամ ենք, սկսեց պատմել Կալավանի մասին։ Ասում է՝ գյուղում կարելի է ավտոարշավներ կազմակերպել, լճում ձուկ բռնել, մասնակցել մամոնտ խաղերին, երբ նախնադարի մարդու կյանքով ես ապրում։

Իսրայելից եկած մյուս զբոսաշրջիկներն ասում են՝ զարմացած են տեսնելով, թե մարդիկ ինչպես են այսպիսի պայմաններում ապրում։ Ճանապարհները քանդված են, փողոցային լուսավորություն էլ չկա։ Համեղ ուտելիքն ու տեղի մարդիկ, սակայն, մոռացնել են տալիս բոլոր թերությունները։

Ռոբերտը որոշել է Կալավանը էկո կենտրոն դարձնել և արտադրված ամբողջ բերքը սերտիֆիկացնել։ Ու քանի որ Կալավանի մասին օրեցօր ավելի շատ մարդիկ են իմանում, գյուղացիները նոր հյուրատներ են կառուցում։

Եկող տարում Կալավանում ութ փոքրիկ կծնվի։ Թիվը գյուղի համար ռեկորդային է։

«Այդպես երբեք չէր եղել... վերջին, գոնե, տասնհինգ տարիներին», ֊ ասում է Ռոբերտը։ ֊ «Եվ մի ուրիշ բան... մենք գյուղի նկատմամբ հետաքրքրությունը այնքան ենք բարձրացրել, որ մեծ պահանջարկ կա՝ տների, հողերի... տները նախկինում 300 դոլար էին, հիմա՝ չեմ կարծում, որ հնարավոր կլինի ութ հազարով այստեղ տուն գնել։ Այսինքն՝ զարգացումը բոլոր տեղերում երևում է»։

Կալավանի մասին առավել մանրամասն՝ «Գյուղամեջ» հաղորդաշարում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG