Մատչելիության հղումներ

ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներն, ավանդույթի համաձայն, Ամանորի նախաշեմին Մոսկվայում ոչ-պաշտոնական հանդիպում են ունեցել։

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում հետխորհրդային երկրների ղեկավարները շնորհավորել են Պուտինի Ամանորն ու հաջողություն մաղթել եկող տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում։

Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը հայտարարել է. - «Անցնող տարի ԱՊՀ երկրները դրական ցուցանիշներ են արձանագրել, մասնավորապես՝ ապրանքաշրջանառությունը ԱՊՀ անդամ պետությունների միջև աճել է 25.7 տոկոսով»։

Հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Ռուսաստանի կայունացնող և միավորող դերը։

Սերժ Սարգսյանը, մասնավորապես նշել է, որ այս տարի Ռուսաստանում արձանագրված «տնտեսական դրական միտումները դրականորեն են ազդել նաև Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի վրա»։

«Մենք մաղթում ենք Ձեզ հաջողություն եկող տարում։ Ոչ ոք չի կասկածում Ձեր հաջողությանը։ Ուզում եմ, որ ամեն ինչ հաջող լինի՝ ի բարօրություն Ռուսաստանի ժողովրդի և մեր բարեկամության», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Հայաստանի նախագահը։

Իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը Պուտինի հետ է կապել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կայունացնող գործոն է աշխարհում, և մեծ հեղինակություն ու առանցքային դերակատարություն ունի միջազգային ասպարեզում։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում՝ երեք ամսից Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ռուսաստանցիները ճիշտ ընտրություն են կատարելու և հաղթելու է Վլադիմիր Պուտինը։

Պուտինին հաջողություն մաղթելու էին եկել ԱՊՀ անդամ բոլոր երկրների նախագահները, բացառությամբ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի։ Նա երեկ զանգահարել էր Պուտինին և նրան հաջողություն մաղթել հեռախոսով։

Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում 2018-ի մարտի 18-ին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG