Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները փրկել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կյանքը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը, վկայակոչելով «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը, նշեց՝ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվելու ժամանակ իրավապահները «կրակ են բացել» Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղղությամբ։

«Եթե չեմ սխալվում, երկու շաբաթ առաջ նիստի ժամանակ՝ Մակյանի մոտ գործով, «Սասնա ծռեր»-ից մեկը հայտարարություն կատարեց, թե ամենահայտնի պատանդներից մեկին՝ չակերտավոր պատանդներից մեկին՝ Օսիպյանին ինչ հանգամանքներում են իրենք հսկողության, պահպանման տակ վերցրել, որովհետև երբ նա գտնվելուց է եղել գնդի ներսում, ուղղակի նրա վրա կրակ է բացվել իրավապահների կողմից։ Նիստի ժամանակ դրա մասին հայտարարվեց։ Իհարկե կգա ապացույցների հետազոտման ժամանակը։ Կոնկրետ այդ դեպքում, ինչ-որ ներկայացվեց դատական նիստի ժամանակ և բարձրաձայնվեց, որ ուղղակի ասվել է՝ «եղբայր, այս կողմ արի, քեզ էլ են խփելու, քեզ էլ են զոհ տալու»։ Այսինքն՝ դա ավելի շատ միտված է եղել նրա կյանքը փրկելուն, որովհետև այդ պահերին, և ոչ միայն այդ պահերին, ներկայումս էլ իրավապահների համար մեկ-երկու ծառայողի կորցնելը, ցավոք սրտի, ամենևին էլ իրենց համար որևէ նշանակություն չունի։ Ես հասկանում եմ, որ պատրաստ են նաև նման զոհողության գնալու, և դեռևս պետք է հասկանանք», - ասաց Պապիկյանը։

Դիտարկմանը, որ «Սասնա ծռերի»-ի դեպքում ահաբեկչություն հոդվածը չդրվեց, և հարցին, թե ինչի՞ց խուսափեց իշխանությունը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատասխանեց. - «Որովհետև ամենամեծ ցանկության դեպքում «Սասնա ծռեր»-ի գործողությունն ահաբեկչություն, իսկ նրանց՝ ահաբեկիչներ որակել պարզապես հնարավոր չէ։ Պատանդների առկայության կամ բացակայության մասին մենք խոսել չենք կարող։ Դեռևս ընթանում է դատաքննությունը, պետք է հետազոտվեն ապացույցներ, հարցը քննվի, վկաներ, տուժողներ, այդ թվում՝ ենթադրյալ պատանդառված անձինք, նոր դատարանը կորոշի՝ պատա՞նդ էին, թե՞՝ ոչ։ Ասեմ նաև ,որ այդ իմ ասածի օգտին խոսում է նաև այն, որ մինչ օրս որևէ անձի մեր պաշտպանյալներից կոնկրետ մեղադրանք պատանդառության վերաբերյալ առաջադրված չէ»։

Մեկ այլ դիտարկման, թե բանակցություններ էին ընթանում, «Սասնա ծռերը» հայտարարում էին, որ ոստիկաններին բաց կթողնեն, եթե իրենց պահանջները կատարվեն, և այստեղ, կարծեք թե, Օսիպյանի կյանքը փրկելու հարցը չէր քննարկվում, Շուշանյանը պատասխանեց. - «Ուրեմն բանակցությունների մասին մենք տեղյակ ենք ընդամենը պետական համապատասխան մարմինների հաղորդագրություններից։ Թե ինչ է տեղի ունեցել իրականում, կարծում եմ, որ դա կպարզվի դատական քննության ընթացքում»։

Ճշտող հարցին, թե ա՞յլ պատկեր է լինելու իրականում, Շուշանյանը պատասխանեց. - «Այո՛, վստահ եմ»։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG