Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` բողոքարկելու Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության գործողությունների օրինականությունը:
Խոսքը դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որոնց ընթացքում, հիշեցնենք, ուկրաինացի հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին Սաակաշվիլիին, սակայն այդպես էլ չկարողացան նրանց հասցնել դատախազություն` ընդդիմադիր գործչի կողմնակիցների հետ բախումների պատճառով:
«Նրանք ինձ առևանգեցին, ֆիզիկական բռնություն կիրառեցին և այդ ամենն առանց որևէ օրինական փաստաթղթի: Մենք այժմ հայց ենք նախապատրաստում Ազգային անվտանգության ծառայության դեմ` ավազակային հարձակման և առևանգման մեղադրանքներով», - երեկ Կիևում հայտարարում էր Վրաստանի նախկին նախագահը՝ շարունակելով. - «Ես կստիպեմ Ուկրաինայի իրավապահ համակարգին՝ Գլխավոր դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, հավատարիմ լինել օրենքի տառին: Ես կստիպեմ, որ նրանք դա անեն ոչ միայն ինձ վերաբերող հարցերում, այլև երկրի մյուս քաղաքացիների դեպքում ևս: Ես նկատի ունեմ այն քաղաքացիներին, ում նկատմամբ անօրինական գործողություններ են կատարվում` շահադիտական նպատակներից կամ էլ Պորոշենկոյի [Ուկրաինայի նախագահ] ու նրա հանցախմբի հրամաններից ելնելով»։
Երեկ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվեց ներկայանալ Անվտանգության ծառայություն հարցաքննության` նշելով, որ քննիչների ուղարկած գրությունը սխալ էր պարունակում. քննիչները նրան հրավիրել էին մեկ օրում միանգամից երկու քննչական գործողության մասնակցելու, ինչն ուկրաինական օրենքներով արգելված է:
Հիշեցնենք, ուկրաինացի իրավապահները Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին կասկածում են նախկին նախագահ Յանուկովիչի մերձավոր օլիգարխներից մեկից ֆինանսավորում ստանալու և երկրում իրադրությունն ապակայունացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու մեջ:
Հունվարի 3-ին արդեն Կիևի վերաքննիչ դատարանը կորոշի` արդյոք հարկավոր է բավարարե՞լ Սաակաշվիլիին երկամսյա տնային կալանքի ենթարկելու մասին դատախազության հայցը, թե՞՝ ոչ:
Ինքը՝ Վրաստանի նախկին նախագահն, արդեն որոշել է, թե ինչ է անելու, եթե դատախազության հայցը բավարարվի:
«Դուք իմ պատշգամբի հասցեն գիտեք: Ես բարձրախոս կհայթայթեմ, բացի այդ՝ այժմ մտածում եմ, թե որտեղից կարելի է մի մեծ էկրան գտնել և տեղադրել այն շենքի կտուրին: Ձայնային համակարգը ևս կունենամ: Ավելին, այդ էկրանը տեսանելի կլինի նաև նախագահի աշխատակազմի պատուհաններից», - հայտարարում էր Սաակաշվիլին: