Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով»


Նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Երևանի պետական համալասարանում, ըստ էության անդրադարձել է տարկետման իրավունքի վերականգնման համար պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողներին, ընդգծելով, որ յուրաքանչյուրը ոք նախևառաջ պետք է իր պատրավորությունները կատարի։

«Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները», - իր խոսքում, մասնավորապես, ասել էր նախագահը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, տարկետման իրավունքի հին կարգը պահպանելու համար, նախորդ ամիս մեկ շաբաթյա դասադուլ և բողոքի ակցիաներ կազմակերպեց: Նախաձեռնության անդամները երկու անգամ մի քանի օրով փակվեցին ԵՊՀ լսարաններից մեկում և հացադուլ արեցին։ Իշխանության հետ կլոր սեղան քննարկումից հետո, բողոքի ակցիաները կարճ ժամանակով դադարեցին, թեև նախաձեռնությունը հետագայում հայտարարեց, որ իրենց առաջարկները չեն ընդունվել։ Սերժ Սարգսյանն այսօրվա իր ելույթում նշել է՝ ուսանողության առաջարկություններ կան, որոնք չեն կարող ընդունելի լինել։

«Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը», - նշեց նախագահը:

Նախորդ շաբաթ հացադուլ իրականացրած հանուն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյան կարծում է, որ նախագահի խոսքն իրենց էր ուղղված:

«Ես հասկանում եմ, որ՝ ուրիշները մեզ լսում են ասելով՝ դա հասկացվում է բանակի խնդիրների և ռազմական որոշակի գաղտնիքների հարցը, բայց ինչպես բազմիցս նշել ենք, մեզանից շատերը ծառայած են, նաև անձամբ ես, Դավիթը», - մեկնաբանեց Ավագյանը: - «Մենք այդ ամեն ինչը լավ հասկանում ենք և շատ ու շատ հարցեր արծարծելուց զերծ ենք մնացել ու չենք էլ արծարծի, որովհետև այդ ամեն ինչի լրջությունը հասկանում ենք»:

Ավագյանի խոսքով անցած մեկ երկու ամսվա պայքարի ընթացքում իշխանությունները, ոչ միայն ուսանողության առաջարկները չլսեցին, այլև սեփական պարտականությունները նրանց հասցեագրեցին։

«Մեզանից պահանջում էին հստակ չափորոշիչներ: Այդ չափորոշիչները մշակելու համար պետք է մոնիթորինգ անցկացվի, պետք է հստակ աշխատանքներ իրականացվեն կոմպետենտ անձանց կողմից, որոնք հանդիսանում են Կրթության և գիտության նախարարության մասնագետները: Նրանք պետք է անեն այդ ամեն ինչը, դա մեր գործը չէ», - նշեց նա: - «Մենք մեր մեխանիզմը ներկայացրել ենք՝ այդ հարյուր բալանոց համակարգը, թե ինչպիսի չափորոշիչներ, օրինակի կարգով, կարող են լինել, բայց հստակ մշակել չափորոշիչ բակալավրում սովորող ուսանողների կողմից՝ դա, ինձ թվում է, ռեալ չէ»:

Թեև «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքն ամբողջությամբ ընդունվել և ստորագրվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարում է, որ իրենց պայքարը շարունակվելու է, թե ի՞նչ եղանակով՝ Յուրի Ավագյանի խոսքով, դեռ հստակեցված չէ։

«Պայքարը կարող է գնալ թե՛ օրենքի հետ կանչման ուղղությամբ, նաև կարող է գնալ օրենքի ընդունումից հետո նրա հետևանքների վերացման ուղղությամբ: Թե դա ինչպես կարվի՝ կքննարկենք և կորոշենք», - հայտարարեց ակտիվիստը:

Ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքով, հիշեցնենք, ուսման նպատակով տարկետում ստանալ ցանկացող ուսանողները այսուհետ պետք է պայմանագիր կնքեն Պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG