Մատչելիության հղումներ

Ախթալայի կոմբինատի պոչամբարի վթարի փաստով վարույթ է հարուցվել


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան, արխիվ

Համապատասխան տեսչական մարմինը կպարզի, թե ո՞րն է եղել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի վթարի պատճառը և արդյո՞ք դրա համար կսահմանվի քրեական կամ վարչական պատասխանատվություն, խոսելով դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած վթարի մասին՝ այսօր հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ վթարի փաստով վարույթ է հարուցվել, սակայն ձեռնպահ մնաց մանրամասներ հրապարակելուց:

Ինչպես օրեր առաջ «Ազատության»-ը հայտնել էին Ախթալայի բնակիչները, կրթօջախի հարակից տարածքից սուր հոտ էր գալիս, ծառերն ու գետինը պատված էին մոխրագույն զանգվածով, և մտավախություն կար, որ արտադրական թափոնը հարուստ է ծանր մետաղներով։

Երկրի գլխավոր բնապահպանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց, արդյո՞ք նորմալ է, որ պոչամբարի վթարի հետևանքով տեղի ունեցած արտահոսքը 10 օրից ավելի չի մաքրվել դպրոց տարածքից, և արդյո՞ք այս պահվածքի համար կոմբինատը շահագործող ընկերությունը չպետք է պատասխանատվության ենթարկվի: Մինասյանը պատասխանեց. - «Ես հասկանում եմ, որ կարելի է օրերի թիվը փոխել, կարելի է օրերի մասին ամենատարբեր բաներն ասել, բոլոր դեպքերում աննորմալ է, երբ որ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքումը շատ արագ չի լինում։ Սա աննորմալ է, դրա համար համակարգային փոփոխություններ ենք մենք իրականացնում։ Այս պահի դրությամբ իրավասու մարմինը՝ գործը մանրամասնորեն քննելու, վերապահված է տեսչական մարմնին, այն քննում է այս գործը»։

Մինասյանը լրագրողներին հորդորեց սպասել քննության արդյունքներին, և գործի կեսից հարձակում չգործել ու նոր մեղավորներ չփնտրել։

Նախարարը վստահեցրեց՝ բնապահպանության և ընդերքի նոր տեսչական մարմինը, որը զբաղվում է այս ոլորտում իրավախախտումների բացահայտմամբ և պատժմամբ, անկախ կառույց է։

Նախարարի տարեվերջյան ասուլիսին լրագրողները կրկին չշրջանցեցին Ամուլսարի հանքի շահագործման թեման։ Մինասյանն ասաց՝ շատ է խոսել այդ մասին, սակայն իր հայտարարությունները լրագրողները դիտավորությամբ փոխել ու օգտագործել են նախարարության դեմ։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ծրագիրն անցել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննությունը, իսկ նոր օրենքի տրված լիազորություններով ժամանակին հնարավոր կլինի կանխել նաև ստորգետնյա ջրերի հավանական աղտոտման մտավախությունը։

«Մենք այս փուլում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում այս հարցին։ Չկա այդպիսի խնդիր, որ ասենք՝ «գիտեք ինչ կա, քանի որ որոշումը կայացված է, ուրեմն գնում ենք առաջ և վերջ»։ Ժամանակի ցանկացած պահին, եթե ծրագրային շեղում է, և այդ ծրագրային շեղումն այնպիսին է, որ կարող է, կամ հնարավոր վտանգ է ստեղծելու, առաջին արձագանքողները, կամ առաջին ահազանգողները պետական մարմիններն են լինելու ի դեմս մեր գերատեսչության և նաև տեսչական մարմնի», - ասաց Մինասյանը։

Ամփոփելով 2017 թվականը՝ Մինասյանը արձանագրեց՝ տարվա ամենամեծ բնապահպանական աղետն անտառային հրդեհներն էին։ Գրեթե չմնաց բնության հատուկ պահպանվող մի տարածք, որը կրակը շրջանցեր՝ նշեց նա։ «Ազատությունը» գլխավոր բնապահպանից հետաքրքրվեց՝ ի վերջո ինչն էր Խոսրովի արգելոցի հրդեհի պատճառը։ Նախարարն ասաց՝ գործը դեռ քննիչների տիրույթում է, նախաքննական մարմնի տվյալներին էլ չի տիրապետում, բայց կրկին պնդեց՝ արգելոցի հրդեհի պատճառը վատ եղանակային պայմանները չէին․ - «Ես ասել ու հիմա էլ հրապարակային ասում եմ, որ այդ օրերին չի եղել կայծակ, այսինքն՝ եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը ես բացառում եմ: Ի՞նչ է տեղի ունեցել՝ գործի քննության ընթացքում լիարժեք կբացահայտվի»:

Ըստ նախարարի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համար 2018-ը լինելու է վերազինման տարի։ Ոլորտի ղեկավարն անդրադարձավ նաև Արարարտյան դաշտի ստորգետնյա ավազանի ջրերի պահպանության մասին և լրագրողները հիշեցին այդ տարածքում գործող ձկնաբուծարաններին։ Որքան ջուր են նրանք օգտագործում և ինչպես է վերահսկվում ոլորտը։ Նախարարը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց հաշվառվել է գործող 124 ձկնաբուծարան, որոնցից 89-ը ջուրն օգտագործում են թույլատրելի սահմանում, 28-ը սահմանվածից ավելի, իսկ 7-ն առհասարակ ջրառն իրականացնում են առանց թույլտվության․ - «2018 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ մտնող հարկային օրենսգրքի համաձայն, եթե օգտագործվում է ավել ջուր, քան թե ձկնաբուծական նպատակով տրված թույլտվության քանակն է, ապա կիրառվում է տասնապատիկ թանկ ջրի սակագին»:

Նախարարը ասաց՝ ջրառիչ չափը մշտապես վերահսկելու համար այս տարի պետք է տեղադրվեին նաև ավտոմատ ջրաչափեր, բայց ծրագիրը տեխնիկական պատճառներով հետաձգվեց։ Մինասյանը նշեց՝ այն հավանաբար կյանքի կկոչվի հունվարին և տվյալների բազան հասանելի կլինի բոլորի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG