Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Այս տեմպը շարունակելու դեպքում զինված ուժերում որևէ խնդիր չենք ունենալու»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահը 2017 թվականը համարում է ձեռքբերումների ու աշխատանքի տեսակետից հաջողված տարի, որը բարենպաստ հիմք է հաջորդ տարի ամրապնդելու հաջողությունները ինչպես տնտեսության, արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում, և զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական խոսքում:

«Ձմռան վերջին, միգուցե, գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և եթե, իրոք, կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ, մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով», - ասել է երկրի ղեկավարը, ով, հիշեցնենք, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

«Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը»:

«Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները: Առաջարկությունները, նորից եմ ասում, շատ նորմալ են, քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել», - ասել է նախագահը:

«Ցանկանում եմ, որ 2018 թվականին մեզնից յուրաքանչյուրն այդ գիտակցությամբ ապրի՝ ինձնից սկսած, մեր առաջին կուրսի ուսանողով վերջացրած: Ցանկանում եմ, որպեսզի ձեր ընտանիքներում լինի ջերմություն, որ բոլորդ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, հետո՝ մնացածների: Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG