Մատչելիության հղումներ

Հայաստանում մարդիկ հիմնականում լուրջ չեն վերաբերվում կուսակցություններին. Դանիել Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Հայաստանում մարդիկ հիմնականում լուրջ չեն վերաբերվում կուսակցություններին։

«Օրերս հրապարակվեցին սոցհարցումների արդյունքներ, ըստ որոնց, հայաստանցիների միայն 9 տոկոսն է վստահում կուսակցություններին։ Համեմատության համար ասեմ, որ քաղաքացիական հասարակությանը վստահում է հասարակության 29 տոկոսը։ Սա աննորմալ ցուցանիշ է: Ես չեմ կարծում, որ որևիցե երկրում քաղաքացիական հասարակությունը կարող է այն էլ երեք անգամ ավել հեղինակություն ունենալ, քան կուսակցությունները։ Անգամ ոստիկանությանը երկուսուկես անգամ ավելի շատ են վստահում հայաստանցիները, քան կուսակցություններին, Ազգային ժողովին վստահում են ընդամենը 12 տոկոսը։ Այսինքն՝ թեև մենք անցնում ենք խորհրդարանական պետության, բայց խորհրդարանի և դրա ձևավորման հիմնական ուժերի՝ կուսակցությունների վստահության ցուցանիշը շատ-շատ ցածր է և անվստահության ցուցանիշը շատ բարձր է», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Իոաննիսյանը՝ նշելով, որ սա արդյունք է տարիների ընթացքում վերգետնյա սփռման լրատվամիջոցների՝ հեռուստատեսություններ և այլն, հարցերի միակողմանի լուսաբանման։

«Երբ լուսաբանման արդյունքում մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կա մեկ կուսակցություն, այդ մեկ կուսակցությունից մարդիկ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժգոհ են, այդ մեկ կուսակցությանն էլ շատերը չեն սիրում, և ստացվում է, որ ոչ մի կուսակցությանը մարդիկ չեն սիրում, որովհետև մարդկանց թվում է, որ մյուս կուսակցությունները ոչինչ չեն անում», - ասաց Իոաննիսյանը։

«Պարզ օրինակ՝ բոլորովին վերջերս, երբ «Ելք» դաշինքը ներկայացրեց առաջարկ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, Հանրային հեռուստաընկերությունը, որին մեր թիմը մշտադիտարկում է, որևիցե խոսք չմեջբերեց, որևիցե կերպով չանդրադարձավ «Ելք»-ի փաստարկներին, միմիայն ներկայացնում էր հակափաստարկներ, միմիայն ներկայացնում էր Հանրապետական կուսակցության դիրքորոշումը։ Այսինքն՝ արդյունքում մարդկանց մոտ ընդհանրապես տպավորություն չէր ստեղծվում, որ «Ելք»-ն էլ է ինչ-որ բաներ առաջարկում՝ այլընտրանքային բաներ առաջարկում պետության ապագայի մասին։ Սա ընդամենը պարզ օրինակ է։ Չեմ ուզում ասել, որ դա վերաբերում է միայն «Ելք»-ին, որ դա վերաբերում է միայն ԵԱՏՄ-ին, դա գլոբալ տենդենց է, որը տասնամյակներ շարունակ, ամեն դեպում՝ «Ա1+»-ի և «Նոյյան Տապան»-ի փակումից հետո մենք ականատես ենք լինում և որի արդյունքում մարդկանց վստահությունը կուսակցությունների նկատմամբ շատ ցածր է։ Այդ վստահության ցածր լինելու ֆոնին այնպիսի մեթոդներ, ինչպիսին են վարչական և այլ ռեսուրսներով ընտրողների հավաքագրումը, 10 հազար դրամով ընտրողների գնումը, այդպիսի մեխանիզմները բարձր արդյունքի են բերում, որովհետև հակառակ պարագայում մարդկանց 10 հազար դրամով, կամ դպրոցում երեխայի դասղեկի զանգով ստիպել, որպեսզի քվեարկեն այս կամ այն կուսակցությանը, հնարավոր չէր լինի», - հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը:

Կիրակնօրյա վերլուծականի դեկտեմբերի 24-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG