Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը համակարգն ավելի շատ նախապատրաստում է իր վարչապետ չլինելուն». Հակոբ Բադալյան


Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, իշխանությունները փորձում են «խաղը բազմաբևեռ դարձնել» և դրանով ավելի մեծացնել «մանյովրի հնարավորությունը»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Բադալյանն ասաց՝ Սերժ Սարգսյանն իշխանական համակարգն ավելի շատ նախապատրաստում է իր «վարչապետ չլինելուն, քան վարչապետ լինելուն»։ Նրա կարծիքով՝ այդ նպատակն է հետապնդում այդ բազմաբևեռ իշխանության ձևավորումը, որը, ըստ քաղաքական մեկնաբանի, թույլ կտա ապահովել հավասարակշռությունն արդեն կուսակցության նախագահի կարգավիճակից։

«Բուն վարչապետի հարցն ընդամենը մի դրվագ է ընդհանուր շատ ավելի լայն պրոցեսի մեջ, որը, ես կարծում եմ, նույնիսկ շատ ավելի վաղ սկսված պրոցես է։ Վերադառնամ, օրինակ, հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջացմանը, էս կուսակցության առաջացումն ամենևին արհեստական ինչ-որ բան չէր, երբ նստում են, որոշում, որ «եկեք մի հատ ընդդիմադիր կուսակցություն ստեղծենք և հասարակության ընդդիմադիր զանգվածը գրավենք»։ Սա իշխանության ներսում տեղի ունեցող և սկսված խմորումների, պրոցեսների դրսևորում էր։ Այսինքն՝ իշխանությունն, էս իմաստով, փորձում է արձագանքել իր համար մարտահրավերներին, դա թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներն են։ Այսինքն՝ փորձում է խաղը բազմաբևեռ դարձնել և դրանով ավելի մեծացնել իր մանյովրի հնարավորությունը։ Եվ հիմա տեսնում ենք հերթական էտապն, արդեն տասնամյակ անցավ այս երկբևեռ խաղի, հիմա մենք տենում ենք հերթական փուլը, որտեղ արդեն հենց ինքը՝ իշխանությունն արդեն իր կառուցվածքով դառնում է բազմաբևեռ», - ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը պատահական չի համարում, որ, օրինակ, Պաշտպանության նախարարությունը նոր լիազորություն և կարգավիճակ է ստանում, քաղաքական նոր կշիռ է ստանում։ «Մենք տեսնում ենք, որ Ազգային անվտանգության խորհուրդն է նոր կշիռ ստանալու՝ որոշումներ կայացնելու հնարավորություն ստանալու։ Այսինքն՝ վարչապետի հարցն այստեղ մի դրվագ է։ Իհարկե, եթե վարչապետը լինում է Սերժ Սարգսյանը, մի քիչ իրավիճակն այլ է լինում, բայց սկզբունքորեն սա ընդամենը դրվագ է ավելի լայն պրոցեսի մեջ, էսպես ասեմ՝ Սերժ Սարգսյանը կարծես թե այս իշխանական համակարգն՝ էս փոփոխություններով, ավելի շատ նախապատրաստում է իր վարչապետ չլինելուն, քան վարչապետ լինելուն, և հենց նաև այդ նպատակն է հետապնդում էդ բազմաբևեռ իշխանության ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հավասարակշռությունն արդեն կուսակցության նախագահի կարգավիճակից», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Կիրակնօրյա վերլուծականի դեկտեմբերի 24-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG