Մատչելիության հղումներ

Հովհաննես Չեքիջյան․ «Մինչև էս տարիքս ամեն համերգին քննություն եմ տալիս»


Հովհաննես Չեքիջյանը համերգի ժամանակ, արխիվ
Հովհաննես Չեքիջյանը համերգի ժամանակ, արխիվ

Այսօր մաեստրոն նշում է ծննդյան 89-րդ տարեդարձը:

Հեռավոր 1928 թվականին ճիշտ այս օրը՝ դեկտեմբերի 23-ին Թուրքիայում՝ Ստամբուլում է ծնվել հայ մեծագույն երաժիշտներից Հովհաննես Չեքիջյանը:

Չեքիջյանը սկսել է դաշնամուր նվագել 5 տարեկանից, նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Մխիթարյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է տեղի ֆրանսիական Սեն-Միշել վարժանում, 1951 թվականին էլ ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան և հաջորդ 10 տարիներին՝ մինչև 1961-ին Հայաստան հայրենադարձվելը, Ստամբուլում խմբավարել է իր իսկ հիմնադրած Չեքիջյան երգչախումբը՝ մինչ այդ ունենալով արդեն մի շարք այլ երգչախմբեր ղեկավարելու փորձ: Մասնավորապես, 1944-ից ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու երգչախումբը, 1947-ին՝ 19 տարեկան հասակում ղեկավարել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախումբը, նաև բարեգործական հաստատությունների երգչախմբեր, 1958-ից մինչև 1961-ը երեք տարի շարունակ եղել է Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

Բայց ի վերջո Հովհաննես Չեքիջյանը 33 տարեկան հասակում՝ 1961 թվականին ընդմիշտ բնակության է տեղափոխվում հայրենիք և հենց նույն տարին էլ մասնակցելով հայտարարված մրցույթին՝ նշանակվում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ մինչև օրս անմնացորդ նվիրվելով երգչախմբին և հայկական երգչախմբային արվեստին:

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի հնչողությունը փոխվում է: Մեկնաբանելը հատուկ է այն մարդկանց համար, որոնք իրենց ձեռագիրը ունեն: Դիրիժորը հասուն երաժիշտ պետք է լինի: Իհարկե, երիտասարդությունը շատ լավ է, բայց մարդ ինչքան ապրում է՝ էնքան բան է սովորում», - ասում է մաեստրոն:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Չեքիջյանը ղեկավարում է 56 տարի շարունակ, վերջերս երգչախումբը մաեստրոյի ղեկավարությամբ տեղի ունեցած մի հրաշալի համերգով նշեց հիմնադրման 80-ամյա հոբելյանը, իսկ մաեստրոն արդեն 2018-ին կնշի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

Հովհաննես Չեքիջյանն առանց ավելորդ համեստության շեշտում է նաև․ - «Ես վոկալ արվեստին շատ գիտակ եմ, և մենակ չափ տալը չի իմ գործը, իմ գործը այն է, որ երգիչը ինչպես պիտի մեկնաբանի սա, ինչ կոկորդով, ինչ ֆրազան ինչ պոզիցիայով պիտի երգի․․․ Ամեն մի համերգը իր քննությունը ունի, մինչև էս տարիքս ամեն համերգին քննություն եմ տալիս»:

Ուշագրավ է, թե ինչ կարծիք ունի մաեստրոն հայ ժամանակակից կոմպոզիտորների մասին, նրանցից ում է առանձնացնում Հովհաննես Չեքիջյանը․ - «Անուններ տալ ես չեմ սիրում, բայց, օրինակ, Արամ Սաթյանի գործերը շատ եմ հավանում, որը Կոմպոզիտորների միության նախագահն է, Չավուշյանի գործերը շատ եմ հավանում: Վերջերս մի կոմպոզիտոր հայտնվեց՝ արտասահմանյան, հայ, Նուբար Ասլանյան: Հետաքրքիր մենք դրսում էլ ունենք ստեղծագործողներ հայ: Իհարկե, Հախինյանի գործերը շատ եմ հավանել՝ էդ կանտատը կատարել եմ ավելի քան հարյուր անգամ, «Սայաթ-Նովա» կանտատը Հախինյանի»:

Երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանն էլ ընդգծում է, որ Հովհաննես Չեքիջյանն անընդմեջ հետևում է և ամբողջովին տեղյակ է ժամանակակից երաժշտական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին․ - «Մաեստրոն շատ ժամանակակից, էսօր ինչ որ կատարվում է երգչախմբային արվեստում՝ ինքը տիրապետում է և էս ժամանակակիցից էլ հեռու չի մնում»:

«Նոտաները կատարելը երաժշտություն չէ: Հետևապես, մենք մեր մեկնաբանությունների մեջ պետք է շատ բծախնդիր լինենք՝ որն է ֆրանսիականը, որն է անգլիականը, որն է իտալականը, որն է հայկականը, իրար շատ անգամ մերժող բաներ են: Եվ եթե ես մեկնաբանեմ էսքան տարվա, ոչ միայն ինչ որ կատարվում է բեմում, դա է ինձ բավարարում, ո՛չ, ինձ հետաքրքրում է, թե 20-րդ շարքում նստած ունկնդիրը ոնց է ընկալում: Դրա համար էլ ես իմ գործերի մեջ շատ բծախնդիր եմ և ուզում եմ, որ նաև, իմ գլխավոր նպատակը, կարող եմ ասեմ, ունկնդրի համար է՝ ունկնդիրը ինչպես կընկալի: Եվ էստեղ ինչեր է առաջանում՝ էդ օրվա եղանակը ո՞նց է՝ արևո՞տ է, թե՞ անձրևոտ է, էդ օրվա դահլիճի լուսավորությունը ո՞նց է, նույնիսկ էդ օրվա դահլիճի աթոռների գույնը ի՞նչ է․ համապատասխան ձևով պիտի էնպես անես, որ քո ունկնդիրը քեզանից գոհ մնա», - ընդգծում է մաեստրոն:

Վերջում հավելենք, որ երաժշտարվեստի հեղինակավոր ամենաբարձր պարգևների արժանացած Հովհաննես Չեքիջյանը արժանացել է նաև պետական բարձրագույն կոչումների, ղեկավարել աշխարհի տարբեր երկրների 56 երգչախումբ, միայն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ հազարից ավելի համերգներ է ունեցել արտերկրում, ինքն անձամբ հեղինակ է նաև մի շարք վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների և երգչախմբային մշակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG