Մատչելիության հղումներ

Մաեստրո Չեքիջյան․ «Կատարելությունը հորիզոնի նման փախնում է մեզանից»


Վաղը երեկոյան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հոբելյանական համերգի կապակցությամբ այսօր Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին 57 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարած Հովհաննես Չեքիջյանը շեշտեց, որ հիմնադրման 80-ամյակը տոնող երգչախումբը միայն իր ղեկավարությամբ այս տասնամյակների ընթացքում մոտ 1000 համերգ է տվել միայն արտասահմանյան երկրներում ՝ ամենուրեք ներկայացնելով հայ հոգևոր և ազգային երաժշտությունը, նաև արևմտաեվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործություներ:

«Ինչքան իմ տարիքը առաջանում է, էնքան հասկանում եմ կատարելություն չկա մեր գործում: Կատարելությունը հորիզոնի նման փախնում է մեզանից: Միշտ լավից լավը գոյություն ունի: Մեկնաբան լինելը հատուկ է այն մարդկանց, որոնք ձեռագիր ունեն․ ուրիշ դիրիժորը ուրիշ ձեռագիր ունի՝ կամ ավելի լավը, կամ էլ ավելի վատը կլինի, բայց իմը երբեք չի լինի: Իմ ձեռագիրը ուրիշ է», - նշեց մաեստրո Չեքիջյանը:

«Ազատության» հարցին, թե ինչն էր ամենադժվարը այդ տասնամյակների ընթացքում, մաեստրոն արձագանքեց․ - «Ինձնից առաջ կար շատ խոշոր վարպետ՝ Արամ Տեր-Հովհաննիսյան, որը շատ խոշոր գիտակ էր խմբերգային արվեստի: Արմատացած կարծիք կար, որ նրան գերազանցել հնարավոր չի․․․ Այդ դժվարությունը ես ունեցել եմ»:

Հարցին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանում խմբերգային արվեստի զարգացման, Հովհաննես Չեքիջյանը պատասխանեց․ - «Փող: Ընդհանրապես հիմա ամեն ինչ նյութականացվեց: Ցավոք: Որ կողմը շուռ գաս, փող է պետք: Իսկ փողը այնպիսի բան է, որ տվողի համար միշտ շատ է, ստացողի համար՝ քիչ»:

«[Երգչախմբային արվեստը] զարգանում է, որովհետև հենց կապելլայի գոյությամբ է պայմանավորված, որ այսօր տասնյակ երգչախմբեր կան, որոնցից չորսը ունեն պետական կարգավիճակ և պետական աջակցություն: Սա նշանակում է, որ այս երգչախմբերի գոյությունը գեներացրել է հենց ակադեմիական կապելլան», - հավելեց Մշակութի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ազատության» հաջորդ հարցին, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել համերաշխությունը երգչախմբում, մաեստրո Չեքիջյանն արձագանգքեց․ - «Դուք մտնում եք իմ դրության մեջ, չէ՞․․․ Հարյուր հայ նույն բանը նույն վայրկյանին պիտի զգան, նույն բանը արտադրեն․․․ Մտնո՞ւմ եք: Դա լինելո՞ւ բան է․․․ Ճիշտ է, որ ես խիստ եմ իմ գործերի մեջ, բայց նվիրյալ մարդիկ են, փողի համար չեն աշխատում: Երբ որ լավ համերգ է լինում, լավ փորձ է լինում, իրենք ուրախանում են: Երբ որ գալիս են փորձի, ուրիշ մարդ են, փորձից դուրս են գալիս, ուրիշ մարդ են: Եվ մենք աշխատում ենք, որպեսզի մեր ունկնդիրը նաև փոխված դուրս գա․․․ Մեր ունկնդիրը պետք է հոգեպաս սրբված լինի, մաքրված լինի»:

Հարցին, թե անցած դարի հայ մտավորականներից ով է հետք թողել իր կյանքում, իր սրտում, մաեստրոն պատասխանեց․ - «Ես կասեի՝ Հախինյանը: Հախինյանի «Սայաթ-Նովա» կանտատը, որը, իմ կարծիքով, չգերազանցված բան է էս վերջին 80 տարվա ընթացքում: Եվ հատկապես Առնո Բաբաջանյանը իմ սրտին շատ մոտիկ է եղել, լավ ընկերներ ենք եղել․․․ Ո՞ր մեկն ասեմ․․․ Ղազարոս Սարյանը: Հակոբ Հակոբյանի հետ մենք միասին Փարիզում սովորել ենք: Երվանդ Քոչարը միշտ գալիս էր մեր համերգներին: Շատ խուղախնդիր մարդ էր և շատ սիրում, հարգում էր մեզ»:

Հարցին, թե որն է եղել իր ամենակարևոր սկզբունքը, Հովհաննես Չեքիջյանը պատասխանեց․ - «Երևի էն մարդկանցից մեկն եմ, որը․․․ սուտ խոսել չեմ սիրում, սուտ խոսել չեմ սովորել, սուտ խոսողին էլ չեմ հարգում: Սուտ խոսողը անխելք մարդ է․ եթե էսօր կարող է ինձ խաբի, կարող է, բայց վաղը, մի տասը տարի հետո երևում է, որ դա սուտ է: Իմ աշխատողները ինձ երբեք չեն համարձակվում սուտ ասել: Սուտ խոսելը չեմ սիրում, չեմ սովորել և չեմ կարող հանդուրժել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG