Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների և միջոցառումների ուրվագիծը, իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների և ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից:
Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այժմ այն պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:
Ազգային ժողովի դեկտեմբերի 19-ի նիստի ժամանակ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը հայտարարեց, որ Հայաստանն արդեն սկսել է Եվրամիության հետ կնքված համաձայնագրի վավերացման գործընթացը: