Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Իրավունք չունենք բավարարվելու անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումներով»


Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահը վստահ է, որ ազգային անվտանգության ծառայողներն իրենց պարտականությունները կատարում են բարձր պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ այսօր Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ելույթ ունենալով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:

Նախագահն ամփոփել է ԱԱԾ աշխատանքի արդյունքները, վերհանելով ծառայության առջև դրված խնդիրները և ուղենշել այն առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ քաջ գիտակցում էինք, որ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակաբար փոփոխվելու և ձևափոխվելու են: Անցել է ավելի քան տասը տարի, և այդ ընթացքում իրապես շատ բան է փոխվել», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մենք իրավունք չունենք բավարարվելու անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Ակնհայտ է, որ ներքին և արտաքին սպառնալիքները չեն պակասում: Ընդհակառակը՝ դրանք գնալով ստանում են առավել բազմաշերտ, երբեմն նաև քողարկված բնույթ»:

Ընդգծելով, որ ներկայիս միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ ու լարված մնալ, նախագահը շարունակել է․ - «Դրանով էլ կանխորոշվում են այն խնդիրները, որոնց լուծմամբ անհրաժեշտ է երաշխավորել ազգային անվտանգության հիմնարար արժեքների պահպանումը: Ձեր դերն այստեղ դժվար է գերագնահատել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմիններից է, որը կոչված է պաշտպանելու պետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, սահմանադրական կարգը և ամենագլխավորը՝ մեր բնակչության անվտանգությունը»:

«Հակաահաբեկչական ոլորտում գործողություններն անհրաժեշտ է երիցս աշխուժացնել»

«Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում այսօր հանդիպում են ահաբեկչության տարբեր դրսևորումներ, որոնց դեմ միջազգային պայքարը գնալով նոր թափ է առնում: Լայնածավալ և միահամուռ միջազգային այս գործընթացին մենք ևս մասնակից ենք՝ թե՛ մեր անվտանգությունն ապահովելու, թե՛ մյուս պետությունների հետ պատշաճ համագործակցությունը երաշխավորելու համար: Մենք ողջունում ենք նման համագործակցությունը և այն համարում ենք օրինակելի: Վստահ եմ, որ բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերն այդ մահաբեր չարիքի դեմ պայքարում: Հետևողական միջազգային համագործակցության խթանումը բոլոր տեսակների ահաբեկչական խմբավորումներին հաղթելու միակ ճիշտ և արդյունավետ ուղին է», - ասել է Սարգսյանը:

«Ահաբեկչության դեմ պայքարում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել դրա դրսևորումների վաղ հայտնաբերմանն ուղղված ձեր ջանքերը: Ահաբեկչական սպառնալիքների համակողմանի վերլուծության և ժամանակին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դուք կարողացել եք կանխել թե՛ իրական ահաբեկչական վտանգները, թե՛ դրանց հետ սերտորեն կապված մի շարք հանցավոր դրսևորումներ», - նշել է նախագահը:

«Միջազգային հեղինակավոր կառույցների դիտարկումներով, ինչպես նաև հենց մեր փորձագետների գնահատականներով, առաջիկա տարիներին ահաբեկչական սպառնալիքների նվազման միտումներ չեն կանխատեսվում: Այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնահատվել է որպես համեմատաբար անվտանգ երկիր», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Այդուհանդերձ, չենք կարող բացառել, որ մեր պետության աշխարհագրական դիրքով, մեր յուրօրինակ արտաքին միջավայրով կամ թերևս զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն իրենց նկրտումները Հայաստանում իրագործել հենց այդ եղանակով: Հետևաբար, այս չարիքի դեմ պայքարում պետք է ցուցաբերենք առավելագույն զգոնություն, պետք է սերտորեն համագործակցենք մեր դաշնակիցների և այլ շահագրգիռ ծառայությունների հետ»:

«Մեր երկիրը լինելու է բաց, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ավելին, տարբեր երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացումն ու ազատականացումը լինելու է շարունակական գործընթաց: Ուստի, դուք պետք է մշտարթուն լինեք: Գտնում եմ, որ հակաահաբեկչական ոլորտում ձեր գործողություններն անհրաժեշտ է երիցս աշխուժացնել: Ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել: Միայն այս դեպքում մենք կկարողանանք ավելի արդյունավետ պաշտպանել մեր քաղաքացիներին և պետական կառույցները, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում», - հայտարարել է նախագահը՝ կարծիք հայտնելով, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում մի քանի օր առաջ քննարկված խնդիրների օպերատիվ և գրագետ լուծումների շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել այդ չարիքին հակազդելու կարողությունը: - «Նաև գտնում եմ, որ կառավարման նոր կարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ ապագա գործադիրի օրակարգում առաջնային հարցերից մեկը լինելու է ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս ռազմավարության վերանայումը՝ այն արդիականացնելու և ժամանակի պահանջներին համահունչ ու առավել ճկուն դարձնելու համար»:

«Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու»

«Ահաբեկչության տարատեսակներից մեկի՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց է տալիս, որ դրա սպառնալիքները նույնպես չեն պակասում: Ավելին, մենք պետք է աչալուրջ վերաբերվենք ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն է ստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում», - շեշտել է Սարգսյանը:- «Արդի աշխարհում տեղեկատվական ցանցերը դարձել են յուրաքանչյուր պետության կարևոր ենթակառուցվածքներից մեկը: Դրանց բնականոն գործունեությունը կենսական է թերևս բոլոր բնագավառների համար: Այս ոլորտը մեր տնտեսության կարևոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ զարգացման մեծ ներուժ և հեռանկար կա: Ակնհայտ է, որ այս բնագավառում մեր հաջողություններին զուգահեռ աճելու է նաև նման հարձակումների քանակը: Մենք պետք է հանցավոր ուժերից պաշտպանենք ինչպես մեր երկրի ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքները: Միայն 2017 թվականի ընթացքում ձեր կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ»:

«Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով», - հայտարարել է նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի և լավագույն միջազգային փորձի շրջանակում․ -«Այստեղ հատկապես կարևոր է միջազգային համագործակցությունը, և մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու նաև այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները: Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական և հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այդ ենթակառուցվածքների շարքում են առաջին հերթին պետության պաշտպանության և անվտանգության համար օգտագործվող տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաև ֆինանսատնտեսական համակարգի բնականոն աշխատանքը և կայունությունն ապահովող ցանցերը: Լավագույնս պետք է պաշտպանված լինեն տվյալների պետական շտեմարանները և ցանցերը, որոնց հանդեպ հանցավոր արտաքին հետաքրքրությունն ու ոտնձգություններն անխուսափելի են: Այդպիսի ոտնձգություններ կարող են լինել ինչպես հակառակորդ պետությունների և կազմակերպված ահաբեկչական կամ այլ տեսակի խմբերի, այնպես էլ անհատ, այսպես ասած, «պարտիզանների» կողմից: Մեր մասնագետները նրանցից պետք է առնվազն մեկ-երկու քայլ առաջ լինեն՝ ժամանակին իրագործելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները»:

Նա կարծիք է հայտնել, որ վերջերս իր կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի» պատշաճ իրագործումը կուժեղացնի այս ոլորտում առկա գործիքակազմը:

Սահմանների պահպանության գործում «հարկավոր է ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաները»

«Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական և հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը: Հայաստանը պետք է արդյունավետորեն պաշտպանի իր ազգային-պետական շահը և իր ամեն մի քաղաքացուն: Դա տքնաջան և հետևողական աշխատանք է, որը բնավ չի սահմանափակվում մեր պետության սահմաններով: Անհրաժեշտ է աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ և, միգուցե, առավել ևս՝ արտերկրում: Այս բնագավառում ձեր կատարված աշխատանքի ամփոփումը թույլ է տալիս որոշակի գոհունակությամբ խոսել արձանագրված հաջողությունների մասին: Միաժամանակ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, գլխավոր հակառակորդի հետախուզական գործունեության ծավալները և անընդհատ զարգացող հեռահաղորդակցության տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ աչալուրջ լինել: Որակական նոր բնույթ ունեցող սպառնալիքները պահանջում են դրանց հակազդման հավասարազոր քայլերի ձեռնարկում», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Չափազանց կարևոր եմ համարում մեր սահմանների պահպանության գործում կատարված աշխատանքը: Ազգային անվտանգության մարմինների ցուցաբերած զգոնության արդյունքում այս ոլորտում տարեցտարի արձանագրվում են դրական արդյունքներ: Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Տարածաշրջանային և գլոբալ զարգացումներով պայմանավորված միգրացիայի ավելացման միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ մի պետությունից մյուսն անցնելու համար տարբեր անհատներ և կազմակերպություններ փնտրելու են ապօրինի միգրացիոն նոր ուղիներ: Դա առաջացնելու է նաև այդ ուժերի անառողջ հետաքրքրությունը մեր երկրի սահմանների և տարածքի հանդեպ: Ուստի, այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը Պաշտպանության նախարարության և Ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը», - հայտարարել է նախագահը՝ շարունակելով․ - «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այստեղ ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է նաև ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները»:

«Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու»

Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարևոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը, ընդգծել է Սարգսյանը․ - «Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար»:

«Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները», - հայտարարել է նախագահը:

«Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են», - նշել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ - «Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում և համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսևորման»:

«Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության և ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է և ինձ համար անընդունելի: Անվտանգությունը և ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված և փոխգործակցող երևույթներ են: Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի և համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք , իհարկե, մենք աշխատելու նաև ապագայում», - հայտարարել է նախագահը:

Խոսելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում գրանցված ձեռքբերումների մասին՝ Սարգսյանը նշել է, որ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում ազգային անվտանգության մարմիններին հաջողվել է այս ասպարեզում կանխել կամ բացահայտել բազմատեսակ դեպքեր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչև համակարգչային վնասաբեր ծրագրերի կիրառմամբ հափշտակություններ:

Կոռուպցիայի դեմ պայքարում «ձեռք բերվածով չենք բավարարվելու»

Ներպետական մակարդակում իրավախախտումների կանխարգելմանն անդրադառնալով՝ նախագահն ընդգծել է․ - «Ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր և փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետևապես և՝ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք»:

«Ձեր մասնագիտական գործունեության առաջնահերթ մյուս ոլորտը կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երևույթների հնչեղ բացահայտումները, վստահ եմ, լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս ճակատում տարվող աշխատանքն ավելի քան լուրջ հիմքերի վրա է դրված, սակայն ձեռք բերվածով բնավ չենք բավարարվելու», - ասել է Հայաստանի նախագահը:

Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ «նմանօրինակ քայքայիչ դրսևորումների դեմ պայքարը լինելու է ավելի սուր և ավելի կոշտ»: «Ուզում եմ տեղյակ լինեք, որ այս ասպարեզում ձեզնից իմ սպասելիքները շարունակելու են մեծ մնալ: Վստահ եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ունի բավարար փորձ և հաստատուն կամք այս խնդրի մեջ խորամուխ լինելու համար: Անհրաժեշտ են գործուն քայլեր պետական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսևորումների պատկերը բացահայտելու համար», - հայտարարել է Սարգսյանը: - «Ամենայն ուշադրությամբ նաև անհրաժեշտ է հետևել միջազգային կառույցների կողմից կատարված հետազոտություններին և վարկանիշներին: Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել և բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման:
Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ: Մենք դա արել և անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար: Դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում ևս որևէ արդարացում չեմ ընդունելու»:

Նախագահը դրական է գնահատում ազգային անվտանգության ծառայողների աշխատանքը համապետական միջոցառումների, այդ թվում՝ ընտրությունների անվտանգ անցկացումն ապահովելու գործում:

«2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք խոշոր միջոցառումներ, որոնց հաջող անցկացումը պետք է պատվի հարց լինի բոլորիս համար: Խոսքս Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների և հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է: Այս միջոցառումները նոր ասպարեզներ են բացում և հնարավորություններ ստեղծում՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: Մյուս կողմից դրանք առաջացնում են աննախադեպ պարտավորվածություն՝ այդ միջոցառումները պատշաճ և ամենակարևորը՝ անվտանգ անցկացնելու առումով: Վստահ եմ՝ գիտակցում եք, որ այդ պատասխանատվության առյուծի բաժինը ընկնելու է հենց ձեր ուսերին: Իմ հանձնարարությունն է՝ շատ լրջորեն նախապատրաստվել այդ միջոցառումներին», - ասել է Սարգսյանը:

«Նպատակն է՝ ստեղծել լավագույն ծառայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև միջազգային մակարդակում»

«Ազգային անվտանգություն ծառայությունում երբեք հեշտ չի եղել: Դուք էլ երբեք հեշտ ճանապարհներ չեք փնտրել: Վստահ եմ՝ արձանագրված ձեռքբերումներով չեք բավարարվելու: Մեր նպատակն է՝ ստեղծել լավագույն նման ծառայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև նաև ինչու ոչ՝ միջազգային մակարդակում: Այդպես պետք է ավելի ապահով ու ավելի անվտանգ միջավայր հաստատենք, նպաստենք երկրի տնտեսական բարեկեցության բարձրացմանը: Դա նաև երաշխավորելու է Հայաստանի կայուն տեղը կայացած ժողովրդավարությունների շարքում», - հայտարարել է նախագահը:

«Այդ ճանապարհին մենք պետք է շարունակենք կատարելագործել ծառայության պրոֆեսիոնալ կարողությունները՝ պարբերաբար բարձրացնելով կադրերի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակը՝ նոր մակարդակի հասցնելով կառույցի նյութատեխնիկական համալրումը: Ծառայության անձնակազմի և հատկապես՝ հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական, ներառյալ՝ կենցաղային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել և լինելու են ծառայության ղեկավարության և իմ՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

H

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG