Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ ևս հավաստիացրել, որ ազգային անվտանգության մարմինների առջև դրված հիմնական խնդիրները եղել և շարունակում են մնալ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը:

Հանրապետության նախագահը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Նախագահի կողմից ծառայության երկու աշխատակցի շնորհվել են նաև բնակարանների հավաստագրեր: ԱԱԾ աշխատակիցներին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանց և՛ սոցիալ-կենցաղային, և՛ աշխատանքային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել և լինելու են ծառայության ղեկավարության և իր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում: Նախագահը նշել է, որ 2018 թվականին նախատեսված է քաղաքի հարմարավետ վայրերից մեկում Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 7000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով բնակելի շենք, ինչպես նաև ծառայության տարածքում աշխատանքային պայմանների բարելավման նպատակով 20 ամիսների ընթացքում կառուցել 4000 մետր աշխատանքային տարածք: «Սա դեռ սկիզբն է»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շնորհավորել ԱԱԾ բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձել ծառայության առաջիկա անելիքներին, անվտանգության ոլորտում ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումներին, միջազգային և տարածաշրջանային բարդ ու լարված ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակով պայմանավորված ԱԱԾ առջև դրվող նոր խնդիրներին և աշխատանքի նոր ուղղություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG