Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահը քննադատում է ԱԺ-ում քվեարկվող Դատական օրենսգրքի նախագիծը


Արա Զոհրաբյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ

Արա Զոհրաբյանի քննադատության թիրախում նախագծի այն դրույթներն են, որոնք դատավորներին հնարավորություն են տալիս փաստաբաններին նկատողություն տալ, հեռացնել նիստերի դահլիճից կամ մինչև 100 հազար դրամով տուգանել:

«Ես նկատում եմ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից արհամարհական վերաբերմունք մասնագիտացված կառույցների նկատմամբ։ Այսինքն ի՞նչ անենք մենք՝ փաստաբաններս: Եթե մենք առաջարկություն ենք ներկայացնում, փաստարկ ենք ներկայացնում և դա հաշվի չի առնվում, ի՞նչ անենք մենք, փողո՞ց դուրս գանք: Մենք քաջ գիտակցում ենք, մենք լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները, մենք պաշտպանում ենք մարդկանց, ընդ որում՝ պաշտպանում ենք նաև պետական մարմինների հետ հարաբերություններում, և քաջ գիտենք, թե ինչից են պետական մարմինները անհանգստանում: Հիմա ի՞նչ անենք, մենք նո՞ւյնպես ընտրենք այնպիսի մեթոդներ․․․ ինտելեկտուալ հարթակը թողած, ի՞նչ անենք, գնանք ցուցապաստառներով Ազգային ժողովի մոտ կանգնե՞նք, գնանք Կառավարության մոտ կանգնե՞նք։ Ընդ որում, եթե մենք այդ ճանապարհն ընտրենք, հավատացեք, ավելի թիրախային քայլեր կարող ենք կատարել», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահն ասաց, որ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նոր Դատական օրենսգրքի նախագիծը՝ հաշվի չառնելով փաստաբանների պալատի առաջարկները:

Արա Զոհրաբյանը կոչ արեց իշխանությանը՝ հնարավորություն ընձեռել քննարկել իրենց առաջարկները, քանի դեռ օրինագիծը վերջնականապես չի ընդունվել․ - «Ստացվում է, որ եթե փաստաբանը դիմադրություն ցույց տվեց դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը կարող է տուգանել նրան։ Եվ փաստաբանները կարող են ունենալ միլիոնների տուգանքներ: Պատկերացրեք փաստաբան, ով առարկում է նախագահող դատավորի գործողությունների դեմ, ստանում է դրա դիմաց տուգանք, մի քանի անգամ ստանում է տուգանք, այնուհետև այդ տուգանքը նշանակելու մասին որոշումը սկսում է իրագործվել, իր հաշիվների, գույքի վրա արգելանք է դրվում: Մյուս անգամ փաստաբանը սկսելու է կաշկանդվել․․․ Ի վերջո էդ տուգանքների ինչ-որ մի սահմանից հետո փաստաբանը կարող է ընդհանրապես չխոսել: Մենք սա պրոբլեմ ենք տեսնում: Եվ եթե օրենսդիրը այսօր գտնում է, որ պետք է այսկերպ կարգավորի փաստաբան - դատավոր կամ դատախազ - դատավոր հարաբերությունները, ապա առնվազն պետք է այնպիսի երաշխիքներ տա մեզ համար, որպեսզի մենք անբարեխիղճ դատավորների ձեռքը չընկնենք»:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս փոփոխություններն առնչություն ունեն ամռանից մեկնարկած հնչեղ դատավարությունների՝ «Սասնա ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի գործերի քննության հետ, երբ մի քանի տասնյակ սանկցիաներ կիրառվեցին փաստաբանների նկատմամբ, Զոհրաբյանը պատասխանեց․ - «Ստացվում է, որ միգուցե պալատին պետք է հանել խաղից դուրս, անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա: Ես էստեղ էդ միտումը տեսնում եմ»:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ այդ դատավարությունների հետ կապված պալատի կողմից հարուցվել է 80 վարույթ, որոնցից 42-ն ավարտվել են: Քննարկված գործերից 33-ը կարճվել է, և փաստաբանները պատասխանատվության չեն ենթարկվել։

Նույն այս դիտարկումները Զոհրաբյանը վերջերս ներկայացրել է Արդարադատության նախարարություն։ Նախարար Դավիթ Հարությունյանը, մինչդեռ, մերժել է սանկցիաները օրինագծում չներառելու առաջարկը։ Պատճառաբանությունը այն է, որ դատական տուգանքի նպատակն է ապահովել դատական իշխանության բարձր հեղինակությունը, ինչպես նաև դատական նիստի և դատարանի գործունեության բնականոն ընթացքը։

Նոյեմբերի 30-ին Կառավարության նիստում Արդարադատության նախարարն այս հիմնավորումները ներկայացնելիս նաև ներկայացրել է արտերկրի օրինակները։ Մինչդեռ Փաստաբանների պալատի նախագահը հակադարձում է, որ այդ երկրներում արդարադատության նկատմամբ վստահությունն ուրիշ է։

«Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիյանի գործերով ամբաստանյալների պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ այս գործերով մոտ 20 սանկցիա է կիրառվել: Փաստաբանների պալատը մեկ գործն արդեն կարճել է, մյուսներն ընթացքի մեջ են։

Կարապետյանցը պնդում է, թե Կառավարության նախաձեռնությունը հենց այս դատերին մասնակցող փաստաբանների դեմ է․ - «Ակնհայտ էր, որ սա կապված էր վերջին դատավարությունների հետ: Այլ բացատրություն ուղղակի ունենալ չէր կարելի: Երևի տեսան, որ Փաստաբանների պալատը, իրենց կարծիքով, չարդարացրեց իրենց սպասումները, որոշեցին, որ տան էնպիսի ատյանի, որը որ վստահաբար կպատժի փաստաբաններին»:

Նինա Կարապետյանցը օրինակ է բերում իր և գործընկերների՝ դատարանում ցուցաբերած պահվածքը պաշտպանյալների իրավունքների խախտումների ժամանակ։ Օրինագիծն ընդունվելու դեպքում իրենց այս վարքագիծը դատական տուգանքների առջեւ կկանգնեցնի իրենց․ - «Երբ աղմուկ էր գալիս, և մենք բացատրում էինք, որ նախկինում արդեն բռնության են ենթարկվել դատարանի դահլիճում, և մտավախություն ունենք, որ մեր պաշտպանյալները բռնության են ենթարկվում դատարանի դահլիճից դուրս, մի ամբողջ կյանք տևեց մինչև կարողացանք էդ հայտարարությունն անել»:

Փաստաբանը խայտառակություն է որակում սպասվող փոփոխությունները, որոնք կխոչընդոտեն իրենց աշխատանքը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատական սանկցիաները տարածվելու են նաեւ դատախազների վրա։

Մինչդեռ, դատարանները կշարունակեն իրենց ընտրած գործելակերպը՝ պատժելով բացառապես փաստաբաններին։ Մյուս կողմից էլ, դատական սանկցիաների որոշումները բողոքարկելիս փաստաբանները չեն շահի՝ դատավորները իրար դեմ որոշում չեն կայացնի։

Նինա Կարապետյանցը պնդում է՝ Փաստաբանների պալատը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ ընդհուպ դիմի գործադուլի։

Դատական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցման շուրջ քննարկումները կանցկացվեն արդեն հաջորդ տարի։

XS
SM
MD
LG