Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան․ Սերժ Սարգսյանը շատ կարևոր դերակատարություն ունի և կարող է շարունակել այն


ՀՅ Դաշնակցությունը առաջիկա ամիսներին Ազգային ժողովում անցկացվելիք Հայաստանի նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը չի քննարկել «ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ կոալիցիոն գործընկերոջ հետ»: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց իշխող կոալիցիային մաս կազմող Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Երեկ ինձ լրագրողները հարցնում են, թե քանի որ արարողակարգային հիմնական նշանակություն ունի, և այլն, և այլն, ինչո՞ւ իշխանությունը այդ տեղը չի տալիս ընդդիմությանը», - նշեց Վարդանյանը՝ շարունակելով․ - «Չենք տալիս այս պահին, որովհետև մեզանից չեն ուզել: Ընդդիմությունը մեզ՝ իշխող կոալցիային, նման հարցով չի դիմել, իրենք դիմել են ընդդիմության մյուս մասին, որպեսզի միավորվեն և առաջադրեն թեկնածու: Այդ առաջադրելու իրավունքը արդեն նույն Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված հնարավորություն է՝ թող օգտվեն»:

Հարցին՝ հանրապետության նախագահի թեկնածու տեսնու՞մ է ի դեմս Արտակ Զեյնալյանի, որին որոշել է առաջադրել ընդդիմադիր «Ելք» դաշինքը, դաշնակցական գործիչը պատասխանեց․ - «Բազմաթիվ լավ հատկություններ ունի, ես շատ հարգում եմ իր գիտելիքները, բայց վստահ եմ, որ մենք ի վերջո համատեղ կգտնենք ավելի հարմար թեկնածու»:

«Վարչապետի մասով՝ 2018-ի ապրիլը որքան մոտենում է, այնքան հանրապետականներն ավելի շատ են առաջ տանում այդ թեզը, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է: Ի՞նչ կասեք Դուք», - այս հարցին Վարդանյանը արձագանքեց․ - «Ինչ էլ լինի, որոշվելու է քաղաքական մեծամասնության առաջարկությամբ, իրենց առաջնորդի առաջարկությամբ և մեզ հետ համագործակցելով, մեզ հետ համաձայնեցնելով՝ սա է մեխանիզմը: Կգա ժամանակը՝ ամեն ինչ շատ ավելի հստակ կլինի»:

Հարցին՝ «հիմա Ձեզ համար, օրինակ, ընդունելի՞ թեկնածու է մի մարդ, ով, փաստորեն, երկրորդ տասնամյակը երկրի ղեկը ձեռքում կպահի, եթե դառնա վարչապետ», Դաշնակցություն խմբակցության քարտուղարը հակադարձեց․ - «Մենք նորից անձնավորում ենք: Մենք համակարգային փոփոխություն ենք արել, և էդտեղ ամեն մեկը իր տեղը կունենա, և մենք այլևս չենք ունենա միանձնյա ղեկավարում երկրում, անկախ՝ ով որտեղ կլինի»:

Վարչապետը, դաշնակցական գործչի համոզմամբ, «իհարկե միանձնյա չի ղեկավարում»․ - «Խորհրդարանական համակարգում վարչապետը ամբողջովին հաշվետու է Ազգային ժողովին, և այլն, և այլն»:

«Մի բան ակնհայտ է՝ այսօր հանրապետության նախագահը իր փորձառությամբ, իր հմտություններով, իր գիտելիքներով իսկապես շատ կարևոր դերակատարություն ունի և կարող է շարունակել իր դերակատարությունը՝ թե որտե՞ղ․․․ բայց հո այդ դերակատարությունը անհրաժեշտ է պետությանը, սա ևս ակնհայտ է», - հայտարարեց Վարդանյանը:

Ընդդիմության քննադատությանը, որը, ամփոփելով որպես նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակը, հիշեցնում է՝ նրա խոստացած Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը չի էլ մեկնարկել, նոր ատոմակայանի նախագիծն անգամ չկա, աղքատությունը, արտագաղթը չեն նվազել, և այլն, դաշնակցական գործիչը հակադարձեց․ - «Իսկ, օրինակ, ձեռքբերում չէ՞ր նույն նախագահի տարիներին մեր քաղաքականության բալանսավորումը՝ ԵԱՏՄ և Եվրամիության համաձայնագիր: Իսկ արդյոք հաջողություն կամ առաջին քայլերը չե՞ն մեր այսօրվա տնտեսության մեջ կատարվող դրական փոփոխությունները․ իհարկե կան, աչք ունեցողը կտեսնի՝ տնտեսական աճի ցուցանիշը 7․4 տոկոս է, տնտեսական աճը մոտենում է 7 տոկոսին՝ կանխատեսված 3․2 տոկոսի դիմաց․․․»:

«Խնդիրն այն է, որ դրանք մարդկանց գրպանի վրա, ժողովրդագրական տվյալների վրա, արտագաղթի, չեն արտացոլվել, և դա՝ ըստ պաշտոնական վիճակագրության», - այս դիտարկմանն էլ Աղվան Վարդանյանը արձագանքեց․ - «Բայց մենք պիտի նաև հասկանանք, որ մեկ օրում չի լինում ամեն ինչ, եթե ուղղությունը ճիշտ է վերցված: Մենք տաս տարում ունեցել ենք նաև լուրջ օբյեկտիվ խնդիրներ, երկու տնտեսական լրջագույն ճգնաժամեր: Պետք է օբյեկտիվ լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG