Մատչելիության հղումներ

Հեռուստաընկերությունները անողոք պայքար են սկսում տեսահենության դեմ


Հայաստանյան հեռուստա- և ռադիոընկերությունների միկրոֆոններ, արխիվ

Հեռուստաընկերությունները անողոք պայքար են սկսում տեսահենության՝ այսպես կոչված «պիրատության» դեմ։

Հեռուստաընկերությունների տնօրենների խոսքով՝ իրենք միայնակ այլևս չեն կարողանում պայքարել այն ընկերությունների ու անհատների դեմ, ովքեր գողանում են իրենց արտադրանքը։ Հանրապետական նշանակության բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներն այսօր որոշել են աշխատանքային խումբ ստեղծել, որը կվերահսկի դաշտն ու կգտնի իրավախախտներին։ Խմբում յուրաքանչյուր հեռուստաընկերություն իր ներկայացուցիչը կունենա։

Մտավոր սեփականության ոլորտի փորձագետ Արթուր Վարդերեսյանն ասում է՝ ժամանակն է, որ իրավախախտները պատասխանատվություն կրեն։ «Հեռուստատեսային բովանդակությունը, որը որ մեր հեռուստաընկերությունների ստեղծագործական աշխատանքի արդյունքն է, պետք է միանշանակ պաշտպանված լինի, և որ ամենակարևորն է՝ շատ սերտ համագործակցություն է ակնկալվում իրավապահ մարմինների հետ», - ասաց փորձագետը:

Ոլորտը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով։ Սակայն պատասխանատվություն պահանջելու համար նախ պետք է գտնել այն ընկերություններին, որոնք զբաղվում են նյութերի անօրինական տարածմամբ։

«Շանթ» հեռուստաընկերությունը մեկ ամիս առաջ հայտարարել է նման մի ընկերության մասին։ Գործն արդեն Քննչական կոմիտեում է, մեղադրանք է առաջադրվել 29-ամյա մի տղամարդու:

«Շանթ»-ի սեփականատեր Արթուր Եզեկյանը ասաց․ - «Մոտ 15 էպիզոդով նույն հայցի շրջանակներում ընթանում է ուսումնասիրություն, բայց դա ընդամենը սկիզբն է: Մեր ունեցած տեղեկություններն ու նյութերը անհամեմատ շատ ավելին են, և կասկած չունեմ, որ դրանց բոլորի ուղղությամբ գնալու է համապատասխան ուսումնասիրություն ու քայլեր, մեղադրանքները կներկայացվեն բոլորին: Հասնելու ենք, առավել ևս՝ երբ որ բոլոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հայտարարությունը կայացավ արդեն, բոլորի համատեղ ջանքերով շատ ավելի արդյունավետ է լինելու, և վստահ եմ՝ շատ կարճ ժամանակամիջոցում մենք կմաքրենք էդ երևույթը»:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը փոխանցեց․ - «Ուսումնասիրությունների ետևում պարզվել են տարբեր ընկերություններ, կոնկրետ մարդիկ, և առաջին քայլը, որ պետք է մենք փորձենք անել՝ հենց կանգնեցնել հենց այդ ընկերություններին»:

Հեռուստաընկերությունների ղեկավարները դեռ կոնկրետ թվերի չեն տիրապետում և դժվարանում են ասել, թե իրենց հեռուստաարտադրանքի որ տոկոսն է անօրինական աղբյուրներով տարածվում, սակայն վստահ են՝ սփյուռքահայերի բացարձակ մեծամասնությունը հեռուստաընկերությունների պատրաստածը տեսահենությամբ զբաղվող կայքերում է դիտում։

Ինտերնետային վիճակագրության վերլուծությամբ զբաղվող Similarweb.com կայքի տվյալներով՝ հայկական սերիալներ և հեռուստահաղորդումներ ցուցադրող տարաբնույթ կայքեր մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում, քան՝ «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերությունների պաշտոնական կայքեր: «Համովհոտով», «Հայօջախ», «Ադիբուդի» և այլ նմանատիպ անուններով կայքերը սերիալների ցանկերի կողքին ցուցադրում են գովազդ՝ ստանալով եկամուտ, միևնույն ժամանակ օգտատերերին շեղելով թե՛ բուն հեռուստաալիքներից և թե՛ նրանց պաշտոնական կայքերից:

«Պատկերացրենք՝ որքան հայ է դրսում ապրում, և եթե նրանց բացարձակ մեծամասնությունը ընդունենք, որ պիրատների ցանցում են, քանակը կարող եք ուղղակի ինքներդ հաշվել, պատկերացնել: Բոլորի գրպանից է դա գնում, բոլորի հեռանկարին է դա հարվածում, բոլորի զարգացման համար նախատեսված միջոցներն են հոսում՝ ձրիակեր ասեմ, թալանչի ասեմ, կառույցների գրպանը: Դա ուղղակիորեն էն միջոցներն են, որոնք չեն բավարարում մեզ մոտ մեր ծրագրերի որակը, մեր արտադրանքի որակը բարձրացնելուն, զարգացնելուն, աշխարհի հետ համաքայլ գնալուն: Դա հենց էդ միջոցներն են, որոնք գնացել են ուրիշի գրպանը՝ տարիներ շարունակ», - հայտարարեց Արթուր Եզեկյանը:

«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանն ասում է՝ պաշտպանական բոլոր հնարավոր մեխանիզմները գործի են դնելու, սակայն կարևոր է, որ փոփոխություն տեղի ունենա մարդկանց գիտակցության մեջ։

«Պետք չէ նայել գողացված հեռուստաարտադրանք, որովհետև մենք չենք կրի գողացված շոր, մենք չենք ձեռք բերի գողացված ապրանք՝ դա հաճելի չի, տհաճ է շատ: Էդ փոփոխությունը մտածելակերպի մեջ նույնպես պետք է կատարվի», - ընդգծեց Բաբախանյանը:

Ամերիկյան Businessinsider պարբերականի տվյալներով՝ անցյալ տարի ամբողջ աշխարհում տեսահենությամբ զբաղվող կայքերի այցելուների քանակը գնահատվել է ավելի քան 78 միլիարդ, իսկ ամերիկյան տնտեսությանը դրանց պատճառած ֆինանսական վնասը գնահատվում է 6-7 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG