Մատչելիության հղումներ

Խախտվել են «Շանթ» հ/ը հեղինակային իրավունքները, հարուցվել է քրգործ, մեղադրանք է առաջադրվել մեկ անձի․ ՔԿ


Armenia- investigative committee

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Շանթ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մայիսին հաղորդում էր ստացվել առ այն, որ մի շարք համացանցային կայքերի միջոցով ուղիղ հեռարձակվում է «Շանթ» հեռուստաալիքը, տեղադրվում են հեռուստաընկերության արտադրած հեռուստածրագրերը՝ այդպիսով խախտելով իրենց հեղինակային և հարակից իրավունքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի («Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը») 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավելի քան 20 կայքերի միջոցով հեռարձակվում են հեռուստահաղորդումները՝ առանց հեղինակի թույլտվության, տարածվում նրանց կողմից պատրաստված հաղորդումները։

Իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կայքերի սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվել է, որ կայքերի մի մասը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, մի մասը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, իսկ մեկը՝ Ուկրաինայում գտնվող սերվերային կայքերի միջոցով: Քրեական գործի շրջանակներում դատարանից թույլտվություն է ստացվել` դիտարկվող կայքերը ստեղծած և հասանելիություն ստացած IP հասցեները ստանալու վերաբերյալ, որոնց հիման վրա՝ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումներ են ուղարկվել նշված երկրների իրավասու մարմիններին:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են հարցմամբ պահանջված տեղեկությունները, որի համաձայն` համացանցային կայքերից մեկը՝ www.arm-film.ru, գրանցված է Երևանի բնակչի անվամբ, պարզվել է, որ նշված կայքը հասանելիություն են ստանում ՀՀ-ում գտնվող պրովայդերների IP հասցեներից: Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կայքի սեփականատերը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1988թ., ամիսներ շարունակ, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործել է հեռուստաընկերության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկու հեռուստասերիալի սերիաները՝ դրանք տեղադրելով և տարածելով համացանցային կայքում՝ առանց ընկերության համաձայնության՝ այդպիսով պատճառելով խոշոր չափի գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում «Շանթ» ընկերությունը ճանաչվել է տուժող, 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «հեղինակային և հարակից իրավունքները խախտելը, որը կատարվել է խոշոր չափերով»:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ համացանցային մյուս կայքերի սեփականատերերին հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG