Մատչելիության հղումներ

ԿԳՆ-ն առաջարկում է փոխել պետական համալսարանների սեփականության ձևը


Կրթության և գիտության նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով պետական համալսարանների մեծ մասը կվերափոխվեն հանրայինի, կփոխվի նրանց սեփականության ձևը:

Ենթադրվում է, որ գործող պետական բուհերը, որոնք կստանան հանրայինի կարգավիճակ, հնարավորություն կունենան պետականից բացի, ֆինանսավորման այլ աղբյուրներ հայթայթել:

««Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը կրթության որակի բարձրացումն է», - ասում է Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: - «Անում ենք բազմաթիվ քայլեր՝ սկսած բուհերում կառուցվածքային փոփոխություններից, ծրագրային փոփոխություններից մինչև բուհերի ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն: Ընդհանրապես մենք վերցնում ենք, որ ամբողջ օրենքի հիմքում դրվում է ուսանողը: Մենք ձևակերպում ենք, որ ուսանողակենտրոն բուհական համակարգ ունենք: Դա ենթադրում է կրթություն, գիտություն և գործարարություն կապը, որի կենտրոնում ուսանողն է: Եվ ուսանողը, իր կրեդիտները հավաքելով, պետք է շրջանառվի, շրջագայի գիտության մեջ, կրթության մեջ և ստանա նաև տնտեսության մեջ իր պրակտիկան»:

Ենթադրվում է, որ նոր օրենքով հավասարության նշան կդրվի մասնավոր և հանրային համալսարանների միջև: Համալսարանների օպտիմալացում ևս կլինի: Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանի փոխանցմամբ, մասնավոր բուհերը պետական աջակցություն կստանան․ - «Ֆինանսավորումը տրվելու է կոնկրետ անձին իր վաստակած բալերի շնորհիվ: Եվ մարդը ստանալով իր ֆինանսական ապահովումը, այդ փաստաթղթերը վերցնելով՝ ազատ է գնալ այն բուհը, որն ինքը ընտրել է, այդ թվում՝ մասնավոր: Եվ այս իմաստով մասնավոր բուհը կարող է ստանալ պետական ֆինանսավորում՝ ուսանողի կրթաթոշակի տեսքով»:

Հարությունյանը կարծում է, որ այս նոր նախագծից պետական բուհերը հնարավոր է դժգոհություն արտահայտեն՝ կապված է ֆինանսավորման հետ․ - «Այս մեծ ցանցը, լայն տասնյակ պետական համալսարանների, որ պետությունն արդեն բեռ է կարծես տանում, դա այլևս հնարավոր չի լինի: Պետք կլինի անպայման միավորել, որպեսզի մեկ մասնագիտությունը լինի մեկ համալսարանում, ոչ թե անվերջ կրկնվի: Ամեն մի կրթվող սուբյեկտ նաև խնդիր ունի վճարելու այդ կրթության համար: Հայաստանում շատ փոքր մասն է, որ կարողանում օգտվել պետբյուջեի գումարներից և ստանալ անվճար կրթություն: Այդ մասին մտածելը նաև համալսարանների ղեկավարության խնդիրն է: Համալսարանի, կոպիտ կհնչի, բայց այդ վաճառականի վերաբերմունքը իր դիմորդի, ուսանողի հանդեպ անհանդուրժելի բան է»:

Երևանի պետական համալսարանից, Տնտեսագիտական համալսարանից հրաժարվեցին մեկնաբանել օրենսդրական այս նախաձեռնությունը:

Մինչդեռ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ օրենքի ընդունման դեպքում խնդիր է տեսնում բուհի բավարար ֆինանսավորման ապահովման հարցում․ - «Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում: Ճիշտ է, ասում են՝ ուսանողը պետք է վճարի, որպեսզի կրթություն ստանա, բայց դա երևի չպետք է վերաբերեր Հայստանին, քանի որ հանրապետության ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսի ծանր պայմաններում է, որ իհակե պետք է սովորեին անվճար համակարգում: Ուղղակի պետական բյուջեն ի վիճակի չէ ապահովելու, դրա համար էլ էսպիսի վիճակում են: Մեր պետությունում շուկայական տնտեսությունը պետք է կայանա, որ էդ ամեն ինչը զուգահեռ գնա: Մենք իրավունք չունենք անմիջապես վերցնել եվրոպական երկրների օրենքները, կարգերը միանգամից տեղադրել, տեղայնացնել»:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նախագիծը դրական է գնահատում, սակայն կարծում է, որ այն դեռ որոշ փոփոխությունների կարիք ունի: Նա մատնանշում է կրթական ծրագրերում պարտադիր հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների ներառման պահանջը: Դա, ըստ փորձագետի, հակասում է օրենքի տրամաբանությանը՝ սահմանափակելով ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը․ - «Ուսանողների մեծամասնությունը հայերեն ակադեմիական ոճով շարադրանքի նորմերին չի տիրապետում: Մենք ամենուր տեսնում ենք շատ պարզունակ տեքստեր, մարդիկ գալիս են հանրակրթությունից, դպրոցից, որտեղ 12 տարի զբաղվում են այդ խնդիրներով, բայց խնդիրը չի լուծվում»:

Մինչդեռ Անահիտ Հարությունը համաձայն չէ փորձագետի հետ․ - «Ցանկացած մասնագետ բարձրագույն կրթությամբ, լինի դա ինժեներ, տնտեսագետ, լեզվաբան թե բժիշկ, պարտավոր է այդ առարկաների ինչ-որ շերտը իմանա, տիրապետի: Այդ առարկաների բլոկում չընդգրկելը հայ ժողովրդի պատմությունը կամ հայոց լեզուն ես շատ սխալ կհամարեի: Այո՛, պետք է: Սովորել են, անցել են, մեկ անգամ ևս թող ամրապնդեն և անցնեն առաջ»:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումները դեռ շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG