Մատչելիության հղումներ

«Հանուն գիտության զարգացման»-ի անդամներից Յուրի Ավագյանը դադարեցրել է հացադուլը


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Յուրի Ավագյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին այսօր «Ազատության» եթերում ասաց նախաձեռնության անդամներից Միհրան Միքայելյանը։

Նա նշեց, որ Ավագյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։

«Երեկ երեկոյան բժիշկների ստուգումից հետո պարզ դարձավ, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի։ Երեկ երեկոյան նրան տեղափոխեցին հիվանդանոց՝ հետազոտման, թոքաբորբը հաստատվեց։ Նա տեղափոխվելով հիվանդանոց հացադուլը դադարեցրեց», - ասաց Միքայելյանը։

Անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանին՝ Միքայելյանն ասաց, որ նրա առողջական վիճակը նորմալ է. - «Նա միայն զարկերակային խնդիրներ ունի, բայց շարունակում է հացադուլը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը կրկին հացադուլ սկսեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում Դավիթ Պետրոսյանը՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, երկու շաբաթ անց էլ ստորագրեց Հայաստանի նախագահը, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG