Մատչելիության հղումներ

«Մենք իշխանությունների հետ խոսելու նպատակ արդեն չունենք». «Հանուն գիտության զարգացման»-ի անդամ


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն իշխանությունների հետ քննարկումների փուլն ավարտված են համարում։

«Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամներից Հայկ Զաքարյանն ասաց՝ պայքարը շարունակում են այն կետից, որտեղ իրենք դադարեցրել էին հացադուլը։

«Պահանջը հետևյալն է՝ տարկետման ինստիտուտի պահպանումը, որպեսզի ավելի կոնկրետ բացատրեն՝ ինչ պետք է արվի, որպեսզի բավարարվի այդ պահանջը։ Այսքան ժամանակ ասվում է՝ կոռուպցիա կա կրթական համակարգում, շատերը գիտությամբ չեն զբաղվում, ուղղակի դիպլոմ են վերցնում՝ բանակից խուսափելու համար։ Ոչ մի քայլ չարեցին, որ կրթության ոլորտում կոռուպցիան բացահայտվի, հետևաբար` իրենց կողմից ոչ մի քաղաքական կամք չի դրսևորվում, որպեսզի այդ հարցը լուծվի։ Մենք չենք ասում, որ անպայման պետք է լինի 140 հոգի, կամ 100 հոգի, մենք ասում ենք` գնացեք, կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրեք, բերեք ասեք՝ ինչքա՞ն է պետք, որպեսզի այդ կոռուպցիոն ռիսկերը չլինեն, ինչքա՞ն տեղ է հարկավոր, որպեսզի ուսանողի անընդհատության սկզբունքը պահպանվի։ Այն ուսանողները, որոնք ընդունվում են բակալավրիատ և դուրս են գալիս որպես արդեն գիտությունների թեկնածու, այդ բուրգն ինչքա՞ն մարդ է իր մեջ պարունակում։ Իջացրեք այդ թիվը։ Եթե հիմա 500-600 է, իջացրեք 50-ի, թող 100 լինի, բայց այդ սկզբունքը պահպանվի», - ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ երկու հացադուլավորները սպասում են հստակ գործողությունների։ «Ոչ մեկ դուրս չի գալու հացադուլից՝ ինչ-որ քննարկումների գնալու։ Պարզ դարձավ, որ քննարկումներն իրենց կողմից ինչ-որ գործողությունների չեն բերում։ Եթե իրենք սկզբից մեզ ասել են՝ «կփորձենք ամեն հարց լուծել, որ գիտությանը վնաս չլինի», հիմա գնալով վերջին հանդիպմանն ասում են՝ «դա մի քանի հոգու է վերաբերվում»։ Հետագայում քննարկելու ոչ մի առիթ, ոչ մի պատճառ չունենք», - ասաց նախաձեռնության անդամը, նշելով՝ քննարկումների փուլն ավարտված են համարում։

«Մենք իրենց հետ խոսելու նպատակ արդեն չունենք։ Հացադուլի գնացել են երկու ուսանողներ, իրենք հստակ պահանջ են դնում, ասում են՝ կոռուպցիոն ռիսկերը մտածեք, եկեք մեզ ասեք, թե ինչքան ուսանող պետք է անցնի, եթե երեք-չորս հոգի լինի, իմ կարծիքով, տղաները չեն համաձայնվի», - ասաց Հայկ Զաքարյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը կրկին հացադուլ սկսեցին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում Դավիթ Պետրոսյանը՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:

Վարչապետի, Կրթության ու գիտության և Պաշտպանության նախարարների, ԱԺ խոսնակի և փոխխոսնակի հետ հանդիպումներից հետո ուսանողները համաձայնեցին կլոր սեղան-քննարկման ձևաչափով իրենց առաջարկները ներկայացնել: Նախաձեռնության անդամների խոսքով՝ իշխանությունների հետ մեկ ամիս տևած քննարկումներն արդյունք չտվեցին։

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG