Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության արդյունքում կիրակի օրը Վրաստանի տարածքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վրաց գործընկերների հետ քննարկվում է Ցիգանկովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը։
Ցիգանկովը, հիշեցնենք, մեղադրվում է մի խումբ անձանց հետ ավազակային հարձակում կազմակերպելու համար: «Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:05-ի սահմաններում մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:
Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվել են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 29-ամյա Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվել է Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը: 34-ամյա Արսեն Գրիգորյանին, 38-ամյա Աշոտ Մանուկյանին և 34-ամյա Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերել են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:
«Ավազակային հարձակման բոլոր մասնակիցները հայտնաբերված են», - ասված է հաղորդագրությունում։