Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ռուսաստանում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկատվության համար


«Ռուսական կողմին ծրագրվող ահաբեկչության մասին ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տեղեկատվության փոխանցումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության իդեալական օրինական է», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հայտնել է նաև, որ երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումներ նախկինում էլ եղել են, բայց կոնկրետ այս շփման արդյունքում մարդկային կյանքեր են փրկվել։

Պեսկովը նաև հիշեցրել է Պուտինի հետևյալ խոսքերը՝ որևէ երկիր այսօր չի կարող ինքուրույն արդյունավետորեն պայքարել ահաբեչության դեմ։

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների շնորհիվ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կարողացել են կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրվող մեծ ահաբեկչությունը: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել թե՛ նրան, թե՛ ԿՀՎ ղեկավարին ու աշխատակիցներին՝ ռուսական կողմին այդ տվյալները փոխանցելու համար:

Պուտինի խոսքով, հաղորդում է Կրեմլը, այդ տեղեկատվությունը օգնել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին կանխել ահաբեկչական հարձակումը և ձերբակալել ահաբեկիչներին, որոնք պատրաստում էին հարձակումներ այդ թվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թերևս ամենահայտնի վայրում՝ Կազանյան տաճարում:

Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները ունենան ԱՄՆ-ի դեմ պատրաստվող ահաբեկչության մասին տվյալներ, նրանք նույնպես անհապաղ այդ տեղեկատվությունը կփոխանցեն ամերիկյան կողմին:

Ուրբաթ օրը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում էին դեկտեմբերի 16-ին մի շարք պայթյուններ կազմակերպել Սանկտ Պետերբուրգում, հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների:

Ռուսաստանի հատուկ ծառայությունների տարածած տեսահոլովակում ձերբակալվածներից մեկը՝ Եվգենի Եֆիմովը ասում է, որ ուզում էր պայթուցիկ սարք պատրաստել Կազանյան տաճարում պայթյուն կազմակերպելու համար:

Վերջին անգամ ահաբեկչական մեծ հարձակում Ռուսաստանում տեղի էր ունեցել հենց Սանկտ Պետերբուրգում՝ այս տարվա ապրիլի 3-ին, երբ մետրոպոլիտենում պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 51-ը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել նաև երկու օր առաջ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Պաշտոնապես հաղորդվեց, որ քննարկված հիմնական հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG