Մատչելիության հղումներ

«Գրականությունը, այնուամենայնիվ, մարդու մասին է: Վերաբերմունք է ուզում․․․ Ասենք, Համո Սահյանի բնապատկերի մեջ մարդ չկա, բայց ինքը կա, իրա հայացքը կա բնությանը», - «Ազատության» հետ զրույցներից մեկում ասել է մեր լավագույն գրականագետներից ու գրաքննադատներից Ֆելիքս Մելոյանը, ում այսօր Գրողների տանը վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, ընկերներն ու գրչընկերները:

1965-ից մինչև օրս նա իր ձեռքն անընդմեջ պահել է գրական կյանքի զարկերակի վրա՝ ողջ գրական դաշտը գիտեր, ինչպես ասում են՝ հինգ մատի պես:

Շատերի հետ էր մտերիմ, բայց ամենաշատը, ինչպես այսօր նրա վերջին հրաժեշտից առաջ հիշում էին նրա գրչընկերները՝ Համո Սահյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ռուբեն Հովսեփյանի, Ռազմիկ Դավոյանի հետ էր շատ մտերիմ:

Նրանցից հիմա միայն Ռազմիկ Դավոյանը կարող է այդ ընկերության մասին հուշեր պատմել․ - «1959 թվականին երջանիկ պատահականությամբ ես հայտնվեցի այնտեղ, որտեղ ընկերություն էին անում Հրանտ Մաթևոսյանն ու Ֆելիքս Մելոյանը: Նրանք ինձ առան իրենց ընկերության մեջ, և մենք շարունակեցինք մեր կյանքը մեր ավագ ընկերոջ, եղբոր՝ Հրանտի, որովհետև Հրանտը մեզնից հինգ տարով մեծ էր, պատգամով, որ էդ ընկերությունը լինի հավիտենական»:

Դավոյանն անդառնալի է համարում Ֆելիքս Մելոյանի կորուստը ոչ միայն նրա ընտանիքի ու ընկերների կամ գրչընկերների համար․ - «Անդառնալին չի վերաբերվում մասնագիտությանը, իմ կարծիքով, այլ վերաբերում ա մարդկային տեսակին»:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նրան մեր գրական դաշտի երևելի դեմքերից մեկը կոչելով՝ շեշտում էր․ - «Երկար տարիներ նա աշխատել է Գրողների միության հանդեսների խմբագիր, «Գրական թերթի» խմբագիր, եղել է նաև Գրողների միության քարտուղար: Ինքը իր գրականագիտական հայացքներում ուներ սկզբունքներ, և պետք է ասեմ, որ հիմնականում նրա գրչի արգասիքը հենց ժամանակակից գրականությանն էր առչվում: Ազնվորեն իր կարծիքը գրում էր։ Ազնվության այդ ջիղն էր, որ շատերը հենց գնահատում և հարգում էին»:

«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը նրա հետ կողք-կողքի է աշխատել տասնյակ տարիներ․ - «Այսօր Հրանտի մահվան օրն է․․․ Այդ օրը մենակ նստած էր: Առանց խոսքի բաժակները հանեց, արաղը լցրեց, երկուսով խմեցինք: Ու լռեցինք: Այնքան ասելիք ուներ, այնքան ասելիքով մարդ էր, այնքան գիտեր ինչի մասին պիտի ասի, որ երբեմն լռում էր, որպեսզի մենք հասկանայինք: Իսկ թե իր գրականագիտական խորը միտքը ինչպիսի խորություններ էր տեսնում, պեղում, հայտնաբերում․․․ Մենակ կարելի էր նախանձել այն գրողներին, ովքեր հայտնվում էին նրա գրականագիտական խոշորացույցի տակ»:

Ֆելիքս Մելոյանի երիտասարդ գրչընկերներից բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց․ - «Իր առումով միշտ հիշում եմ Շեքսպիրի Համլետի խոսքը՝ մարդ էր, Հորացիո: Ֆելիքս Մելոյանն իսկապես այդ մարդն էր, այդ գրականագետն էր, այդ զորավորն էր, և պատահական չէ, որ իր հետ հենց այդ մեծերն էին՝ Հրանտ Մաթևոսյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ռազմիկ Դավոյանը, բոլոր այն գրողները, ովքեր իր շուրջն էին»:

«Սկզբունքներ կար, որ ինքը հավատավորի նման պաշտպանեց մինչև վերջ: Դա իր գեղագիտությունն էր: Նա իմ կարդացած ամենագեղեցիկ գրող գրականագետներից մեկն է», - ասաց Շանթ Մկրտչյանը:

«Չես կարող գրականության առաջն առնել», - ասում էր Ֆելիքս Մելոյանը: - «Որ զոռով էլ անես, չես կարող անել: Մեկ ա լինելու ա գրականությունը․ մեկը պատմում ա, մյուսը լսում ա: Մի կարևոր բան․ գրականությունն էլ, գիտությունն էլ, իշխանությունն էլ, բոլորը բարոյական դաշտում պիտի լինեն»:

Ֆելիքս Մելոյանի հետ զրույցը «Ազատության» հետ կարող եք դիտել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG