Մատչելիության հղումներ

Երևանի բենզալցակայանում կրակոցի գործով հետախուզում է հայտարարվել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախնական տվյալներով, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանին կից սրահում առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակոց է արձակել 20-ամյա Լ. Գաբրիելյանի աջ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և դիմել փախուստի, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ, Լ. Գաբրիելյանը ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքի հիշողության քարտը, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, Երևանի բնակիչ է, նշված բենզալցակայանի հաճախորդ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա այդ անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատաքիմիական համալիր և տեսաձայնագրային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG