Իրանից ներմուծվող բնական գազի ծավալները կավելանան, հաղորդում է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի՝ դեկտեմբերի 16-17-ը Իրան կատարած աշխատանքային այցի ժամանակ, որի նպատակն էր քննարկել «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը:
Նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մասնավորապես, Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները», - ասված է հաղորդագրությունում:
Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:
Մանուկյանը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար, հաղորդում է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: