Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր է փորձարկում․ «Թուրան»


Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ

Ադրբեջանը սկսել է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի փորձարկումները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» անկախ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հայտարարությունը:

Պաշտոնյայի խոսքով, ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, ադրբեջանական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերը «ունակ են հայտնաբերել և ոչնչացնել հակառակորդի ինչպես կենդանի ուժ, այնպես էլ ռազմական տեխնիկան»:

«Մենք մտադիր ենք 2018 թվականին մի շարք թուրքական ընկերությունների, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների հետ որոշ նախագծեր իրականացնել», - ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը՝ նշելով, որ նախագծերից մեկը 23 միլիմետր տրամաչափի դիպուկահար հրացանի ստեղծումն է, որի հեռահարությունը կազմում է 3 հազար մետր:

Բացի այդ, ինչպես հավելել է ադրբեջանցի նախարարը, իրենք աշխատում են նաև այնպիսի սարքերի պատրաստման վրա, որոնք ունակ են տապալել հակառակորդի անօդաչու սարքերը:

«Թուրան»-ը հիշեցնում է, որ Բաքուն տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր արտադրելու նպատակով իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ ընկերություն էր ստեղծել:

Aeronautics-ի շուրջ, հիշեցնենք, սկանդալ էր ծագել, երբ կասկածներ էին առաջացել, որ ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը Ադրբեջանին վաճառելու նպատակով համաձայնել են դրանց փորձարկում իրականացնել մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ: Անցյալ ամիս իսրայելական ոստիկանությունը հայտնեց, որ հետաքննում է ինչպես այդ միջադեպը, այնպես էլ Իսրայելի պաշտպանության նախարարի գործողությունները: Իսրայելական մամուլը գրում է, որ Իսրայելի ռազմական գերատեսչությունը դեռ օգոստոսի վերջին էր հետ կանչել Aeronautics Defense Systems-ին տրամադրած արտահանման արտոնագիրը, որով ընկերությունը հնարավորություն էր ստանում միջազգային շուկայում վաճառքի հանել Orbiter 1K տեսակի անօդաչու սարքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG