Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը տիրոջ իրավունքով է հորդոր, կշտամբանք ուղղել համայնքապետերին. Մամիկոն Ասլանյան


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

Ըստ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, նախագահ Սերժ Սարգսյանն ամենափորձառու քաղաքական գործիչն է Հայաստանի Հանրապետությունում։

Ասլանյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը «որևէ պատահական բան չէր ասի», նա «տիրոջ իրավունքով, երկրի առաջնորդի իրավունքով է հորդոր, կշտամբանք ուղղել համայնքապետերին»։

«Ինչ կա վիրավորելու, մարդիկ կան, ովքեր ընդհանրապես չարաշահում են, մարդիկ կան, ովքեր անբարեխիղճ են նույն բյուջեի միջոցների ծախսման ուղղությամբ։ Տուն տանելու տարբեր եղանակներ կան, հետևաբար` դրանց վերաբերվել ինչ-որ առանձին կոնտեքստում, խորհուրդ չէի տա, ընդհանուր կոնտեքստի առումով, բնականաբար, հանրապետության նախագահը նաև տիրոջ և այս երկրի համար մեծ ծառայություններ մատուցող մարդու իրավունքով կարող է նման արտահայտություններ անել և շատ ճիշտ արտահայտություններ է արել։ Հայաստանի Հանրապետությունում 900 համայնքապետեր կային, 900 գյուղ և քաղաք կա՝ 900-ից ավելի և, բնականաբար, տարիների ընթացքում նախորդ ժամանակաշրջաններում կապված և՛ իրավական գիտակցության պակասից, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների չկայացվածությունից կլինեին չարաշահումների դեպքեր, և նաև ներման դեպքեր կլինեին, իսկ դա չի նշանակում, որ հանրապետության նախագահը նման խոսքեր չպետք է արտահայտի», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Վանաձորի քաղաքապետը։

Ըստ Մամիկոն Ասլանյանի, նախագահի ելույթը նաև սթափության կոչ էր՝ ուղղված նորընտիր համայնքապետերին։

«Դա սթափության կոչ էր նաև խոշորացվող համայնքապետերին, որ մարդիկ իմանան իրենց ընդհանրապես գործունեության թիրախները», - ասաց Վանաձորի քաղաքապետը՝ շարունակելով. - «Նաև հանրապետության նախագահը նշեց, որ «ում որ թվում է, թե իրենք ինչ-որ իշխանիկներ են, կամ իշխաններ են ու աղա», ասաց՝ «այդ դեպքում, ո՛չ, այդպես չէ», մարդը երբ որ իր անձնական կյանքը, իր մասնագիտական գործունեությունը դնում է մի կողմ, և իր կյանքի մի մասը, կամ մեծ մասը տալիս է հանրային շահին, ժողովրդին ծառայելուն, ինքը պետք է իրեն համարի ծառա, ծառա այդ ժողովրդի առաջ և տեր այդ համայնքին, հետևաբար` հանրապետության նախագահի խոսքերն այդ կոնտեքստում պիտի նայել, ինքը տիրոջ իրավունքով ընդհանրապես երկրի առաջնորդի իրավունքով նաև հորդոր, կշտամբանք էր հնչեցնում»։

Հիշեցնենք, օրերս նախագահ Սերժ Սարգսյանը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ դիմելով համայնքապետերին, ասել էր. - « Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG