Պատմության մեջ մնալու համար ենթադրենք մեկը մի հայտարարություն է արել, դա չի կարելի համարել, որ Հայաստանում անընդհատ են նման դեպքերը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե «ո՞րն է պատճառը, որ Հայաստանում պարբերաբար տարբեր խմբեր են ի հայտ գալիս, որոնք իշխանության վրա ճնշումներ գործադրելու նպատակ են հետապնդում»։
«Ինչի՞ մասին է խոսքը. եթե մեկ-երկու դեպք լինում է, դուք «անընդհատ, անընդհատ» եք ասում։ Հիմա էսօր, եթե համեմատության դաշտում նայեք մնացած երկրների հետ, նորմալ երևույթ է։ Ինչ-որ մեկը պատմության մեջ մնալու համար ենթադրենք մի հայտարարություն է արել», - ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ ԱԱԾ-ն մեկնաբանությունները կտա, երբ ամեն ինչ պարզ լինի։
Նշենք, որ երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, թե Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում:
Այսօր Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը «Ինտերֆաքս»-ին ասել էր, որ ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ: