Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը բանակցություններ է սկսելու «Ծառուկյան» դաշինքի հետ՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու համար։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ նշելով՝«Ծառուկյան» դաշինքն, ի վերջո, շանս ունի պաշտպանելու «Ելք»-ի թեկնածուին և ապացուցելու իր ընդդիմություն լինելը։
Միրզոյան. - Հանրապետական (ՀՀԿ) ու ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցությունները միասին ունեն 65 մանդատ, մինչդեռ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է երեք քառորդը, դա 79 մանդատն է՝ 79 կողմ քվե պետք է ստանա իրենց թեկնածուն։ Հիմա այստեղ հարց է ծագում` կկարողանա՞ն մյուս երկու խմբակցությունները կենտրոնանան մի թեկնածուի շուրջ և նրանցից ոչ մեկը՝ ո՛չ որպես ֆրակցիա, ո՛չ որպես հատկապես բազմամարդ ֆրակցիաներում առանձին պատգամավորներ՝ իրենց անձնական կապերը հաշվի առնելով, այդ համատեքստում, որովհետև նախադեպեր տարբեր եղել են, չպաշտպանեն Հանրապետական կուսակցության թեկնածուին։
«Ազատություն». - Այսինքն՝ հիմա «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության մասով իրենց աջակցությո՞ւնն եք փաստացի դուք խնդրել։
Միրզոյան. - Մենք բանակցություններ ենք սկսելու «Ծառուկյան» դաշինքի հետ։
«Ազատություն». - Դուք ուզում եք միասնական թեկնածու ունենալ մի ուժի հետ, որի ընդդիմադիր լինելն առնվազն «Ելք» դաշինքը մի քանի անգամ կասկածի տակ է դրել նախընտրական շրջանում։ Դրանից առաջ էլ, հիշեցնենք, Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ հարաբերությունները սառեցրեց, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին խոսեց, հետո եռյակ-քառյակ ֆորմատը եղավ։
Միրզոյան. - Դուք ակնարկում եք ՀԱԿ-ի հետ խնդիրը՝ քաղաքագիտական վերլուծության առումով, երբ որ այն ժամանակ ասում էինք՝ և՛ Նիկոլը, և՛ ես, և՛ մյուսները, որ սա իրատեսական սցենար չի՝ այս վերլուծությունը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեն գնալու հեղափոխական ճանապարհով, տարբեր է իրավիճակը, քան՝ այսօր։
«Ազատություն». - Նույն Ծառուկյանը, նույն «Բարգավաճ Հայաստանը» չէ՞, պարոն Միրզոյան, ի՞նչ է փոխվել։
Միրզոյան. - Այո, նույն մարդն է, բայց իրավիճակն է անընդհատ փոխվում, իրավիճակը սրվում է։
«Ազատություն». - Ապրիլին դուք չէի՞ք ասում, որ կասկածում եք՝ ընդդիմադի՞ր են, թե՞՝ ոչ։
Միրզոյան. - Հիմա այս մարդիկ, փաստորեն, գիտեք, ընտրության առաջ կարող են լինել, քաղաքական ընտրություն, որոշում պետք է կայացնի «Ծառուկյան» դաշինքը, ի վերջո, շանս կա էդ ուժի համար՝ «Ծառուկյան» դաշինքի համար, պաշտպանել, և չենք իմանա, թե ուր կհանգեցնի, հետագան ի՞նչ կլինի, կարող է և ունենանք ոչ հանրապետական նախագահ։
«Ազատություն». - Եթե «Ծառուկյան» դաշինքի հետ ձեր խորհրդակցությունների արդյունքում «Ծառուկյան» դաշինքն ինքն առաջարկի նախագահի թեկնածու և ձեզ ասի՝ միացեք։
Միրզոյան. - Գիտեք, բանակցությունները կսկսվեն, կտեսնենք։ Հիմա մենք ներկայացրել ենք մեր թեկնածուին։
«Ազատություն». - Հնարավո՞ր է պաշտպանեք, օրինալ, եթե թեկնածուն ի դեմս Գագիկ Ծառուկյանի լինի, նա մեծ ժողովրդականություն ունի, ֆինանսական ռեսուրսներ ունի։
Միրզոյան. - Բանակցությունները կսկսվեն, կտեսնենք, ես կարծում եմ, որ մենք հիանալի նախագահի թեկնածու ենք առաջադրել, և կարիք չկա նոր թեկնածուի փնտրտուքի։
«Ազատություն». - Բայց հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի սցենարը, որ դուք պաշտպանեք։ Տեսեք, քաղաքագիտորեն, տրամաբանորեն այդպես պետք է լինի, իրենք ձեզնից երեք անգամ ավելի մեծ խմբակցություն ունեն, թելադրողը պետք է իրենք լինեն։
Միրզոյան. - Ո՞վ է ասել, ես չէի համաձայնվի Ձեր մտքի հետ։
«Ազատություն». - Ինչո՞ւ, սա հակասո՞ւմ է քաղաքագիտությանը։
Միրզոյան. - Ոչ, չի հակասում, բայց նաև այդտեղից ուղղակիորեն չի բխում, որ այդպես պետք է լինի։ Ես ասում եմ՝ երկու խմբակցություններից մեկն առաջադրել է թեկնածու, հիմա մյուս խմբակցությունը պետք է հասկանա, ինքը պաշտպանո՞ւմ է այս թեկնածուին, թե՞՝ ոչ
«Ազատություն». - Գագիկ Ծառուկյանը նախագահի վատ թեկնածո՞ւ է։
Միրզոյան. - Իրենք էլ կարող են առաջադրել, ինչ ասեմ։
«Ազատություն». - Կպաշտպանե՞ք, թե՞՝ ոչ։
Միրզոյան. - Ես կարծում եմ, որ մենք մեր թեկնածուին արդեն առաջադրել ենք։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Ելք»-ը երեկ հայտարարեց, որ որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ, տարիներ շարունակ իրավապաշտպան գործունեություն ծավալած Արտակ Զեյնալյանին:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իրենց որոշումն այսպես բացատրեց՝ «չենք պատրաստվում համակերպվել քաղաքական ստատուս քվոյի հետ»։
Արարատ Միրզոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.