Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նշելով, որ մինչ այս պարբերաբար հանդիպումներ է ունեցել քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, Սերժ Սարգսյանը կարևորել է առանձին հանդիպումը նաև նրանց գիտելիք փոխանցողների` քաղաքական դպրոցում դասավանդողների հետ, ովքեր, ինչպես դպրոցի ունկնդիրները, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք են, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

Նախագահը հանդիպման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի արդյունավետության, հետագա գործունեության և զարգացման հեռանկարի վերաբերյալ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, լսելու հանրության ակադեմիական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների տեսակետները և մոտեցումները:

Քաղաքական դպրոցի դասախոսները կարևորել են կրթական այս հարթակի առկայությունը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս շարունակելու դպրոցի ունկնդիրների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով ու հմտություններով, նպաստել դպրոցի զարգացմանը: Նրանք նման հանդիպումներն ու անկաշկանդ մթնոլորտում արդիական և կարևոր հարցերի շուրջ քննարկումները երկուստեք օգտակար են համարել:

Հանդիպման մասնակիցները նախագահից հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցերի, տարածաշրջանի զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետների, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG